
Սիրելի ծնողներ և աշակերտներ
Նոյեմբերի 26-ից մենք վերսկսում ենք մարզումները Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցի մարզադահլիճում հիմնական գրաֆիկով։
Վաղը պարապմունքը կլինի միասնական՝ ժամը 17։00 բոլոր խմբերի համար։
Հավատ + համառություն + համբերություն – հուսահատություն = հաղթանակ ( հինգ «Հ»-երի բանաձև)։
Այս մասին իր սոցիալական ցանցերի էջում գրել է արցախյան քիոկուշին կարատեի «Վերադարձ» ակումբի ղեկավար Արմեն Պետրոսյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Step1–ը, Հայաստանում գործող միակ արցախյան մարզական ակումբի գործունեությանը խոչընդոտում են պետական մակարդակով։
Պետրոսյանը Step1–ին պատմեց, որ պահանջել է նախարարությունից հնարավորինս արագ լուծել ստեղծված խնդիրը։
«Ես նրանց ասեցի, որ հենց իրենք են ստեղծել այս իրավիճակը և պարտավոր են այն լուծել։ Մինչ լուծում են, ես վերականգնում եմ մարզումները, որովհետև երեխաների համար դա չափազանց կարևոր է։ Նրանց մեղքով արցախցի երեխաները գրեթե մեկ ամիս մարզվում էին բակում։ Այդ պատճառով մենք չէինք կարողանում անցկացնել լիարժեք մարզումներ և ստիպված էինք հրաժարվել Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցումներին մասնակցությունից»։
Քիոկուշին կարատեի «Վերադարձ» ակումբը՝ Հայաստանում գործող միակ արցախյան ակումբը, սկսել է իր գործունեությունը 2023 թվականին՝ անմիջապես Արցախի հարկադիր տեղահանությունից հետո։
Այդ ընթացքում ակումբի 11 սան դարձել են Հայաստանի չեմպիոններ, 9-ը՝ Հայաստանի գավաթակիրներ, 6-ը՝ միջազգային չեմպիոններ և տարբեր մրցումներում զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը։
Օրեր առաջ քիոկուշին կարատեի «Վերադարձ» ակումբը մասնակցել է Երևանում մարտարվեստների «Lion Heart» ակադեմիայի հանդիսավոր բացմանը։ https://www.facebook.com/100006053826949/videos/25291411213812267/
Ալվարդ Գրիգորյան