Զելենսկին պատրաստ է նոյեմբերի 27-ին ստորագրել «Թրամփի ծրագիրը»

  • 21:32 25.11.2025

Զելենսկին պատրաստ է նոյեմբերի 27-ին հանդիպել Թրամփի հետ և «վերջնականացնել» նրա ծրագիրը, հաղորդում է Axios-ը։ Այս մասին հրատարակությանը հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Հուսով եմ, որ նախագահ Զելենսկու այցը կկայանա հնարավորինս շուտ, քանի որ… դա կօգնի նախագահ Թրամփին շարունակել իր պատմական առաքելությունը՝ դադարեցնելու այս պատերազմը», – Երմակին մեջբերում է Axios-ը։

Նա հավելել է, որ հանդիպումը Երախտագիտության օրը անցկացնելը կարող է խորհրդանշական նշանակություն ունենալ։

Axios-ը նշում է, որ ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաները համաձայնության են եկել ծրագրի մեծ մասի շուրջ, որը զգալիորեն տարբերվում է ԱՄՆ 28 կետանոց սկզբնական առաջարկից։ Սակայն, ըստ Երմակի, Վլադիմիր Զելենսկին ցանկանում է տարածքային հարցերը քննարկել անմիջապես Դոնալդ Թրամփի հետ։

ԱՄՆ պաշտոնյան Axios-ին հաստատել է, որ Կիևի հետ բանակցություններ են ընթանում այս կամ հաջորդ շաբաթ հանդիպման համար, սակայն ասել է, որ ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ։