Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը մեզ շատ է օգնել մեր պետության համար կրիտիկական պահերին

  • 17:41 28.11.2025

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում վավերցրեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։

«Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ընդլայնվող համագործակցության շրջանակներում արդեն իսկ շատ կարեւոր տեղ է զբաղեցնում անվտանգային եւ պաշտպանական ոլորտի համագործակցությունը։ Եվ ըստ էության այս համագործակցության շրջանակներում է նաեւ, որ Հայաստանում տեղակայվել է Եվրամիության դիտորդական առաքելությունը։ Հայաստանի Հանրապետությունը ցանկություն ունի ոչ միայն անվտանգության սպառող լինել, այլ նաեւ աջակցել այն անվտանգային միջոցառումներին, որոնք մեր եվրոպացի գործընկերներն իրականացնում են։ Այս պահին գործում են Եվրամիության 20 առաքելություններ, որոնց մանդատը սահմանված է կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներով, կամ նման հրավեր է եղել տվյալ պետությունների կողմից՝ Եվրամիության առաքելություն հյուրընկալելու համար, ինչը նաեւ Հայաստանի դեպքում է տեղի ունեցել»,- հայտարարեց արտաքին գործերին փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նախատեսվում է, որ Հայաստանը ԵՄ շրջանկաներում կմասնակցի նաեւ առաքելությունների։ Վահան Կոստանյանը նշեց, որ այս պահին դեռ հստակ որոշում չկա առաքելության մասնակցելու մասին։ Համաձայնագրում արձանագրված է, որ Եվրամիությունը հրավերն ուղարկում է, եւ Հայաստանը դիտարկում է այդ առաքելություններից յուրաքանչյուրին մասնակցելու հնարավորությունը՝ մերժում է կամ հաստատում է, հավելեց նա։

Ընդդիմադիրնե ր պատգամավորների հարցերին, թե ռազմական առաքելությունների մասնակցելո՞ւ է ՀՀ-ն, Կոստանյանը պատասխանեց․ «Մեր նախնական ընկալումներն առավելապես վերաբերում են քաղաքացիական առաքելություններին մասնակցելուն»։

Թե որ երկրները նման համաձայնագրեր ունեն ԵՄ հետ, հարցին Կոստանյանը պատասխանեց, որ Կանադան, Շվեյցարիան, Նորվեգիան այն պետությունների թվում են, որոնք ունեն, երկրների ամբողջական ցանկը չի հիշում։

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հարցերի նախագահ Արման Եղոյանն էլ նշեց, որ ժամանակն է շնորհակալություն հայտնել Եվրամիությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը մեզ շատ է օգնել մեր պետության համար կրիտիկական ու ծայրահեղ ծանր իրավիճակում՝ տեղկայվելով Հայաստանում 2022 թվականի աշնանը։ Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել է 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումիցն հետո։

«Եվ դրա համար մենք շնորհակալ ենք, բայց այդ շնորհակալությունը մենք պետք է արտահայտենք ոչ միայն բառերով, այլ նաեւ գործերով։ Հիմա համագործակցությունը խորացնելու համար արդեն ցանկություն ենք հայտնում ինքներս մասնակցել իրենց կողմից իրականացվող առաքելություններին։ Հայաստանը դեռ Եվրամիության անդամության թեկնածու էլ չէ, նույնիսկ Ասոցացման համաձայնագիր էլ չունի, բայց արդեն մեր հարաբերություններն այնքան խորն են, որ կարող ենք մասնակցել իրենց արտաքին անվտանգային եւ պաշտպանական առքելություններին երրորդ երկրներում»,- նշեց Եղոյանը։