27 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ իրենց հավատարմությունն են հայտնում կաթողիկոսին

  • 16:50 04.12.2025

Հայ առաքելական եկեղեցու 27 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել՝ իրենց հավատարմությունը հայտնելով Կաթողիկոսին:

«Անընդունելի և վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որեւէ փորձ՝ ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։ Եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական-ժողովական իրավասու մարմինների միջոցով՝ համաձայն մեր Սուրբ Եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի», – նշված է հայտարարությունում։

Բարձրաստիճան հոգևորականները «անհանդուրժելի և դատապարտելի ենք նկատում Պատարագի սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետի անվան հիշատակման կամայական զեղչումը»:

«Վստահ ենք, որ մեր Սուրբ Եկեղեցու միասնությունն ու խաղաղությունը վեր են անձնական, խմբային կամ այլ շահերից եւ ամրապնդվելու են սիրո հաղորդության, ճշմարտության եւ արդարության ճանապարհով: Համոզված ենք, որ մեր եպիսկոպոսաց համախումբ ջանքերով արդյունավետ լուծումներ կգտնենք ի շահ մեր Սուրբ Եկեղեցու», – ասված է հայտարարությունում: