
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Միջնադարյան հայկական փայտագործության այս եզակի նմուշը՝ 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը, կառավարության այսօրվա որոշմամբ կգնվի Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան»։
Նկարագրված մշակութային արժեք ներկայացնող դռան փեղկը ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում Սէմ Ֆոգի պատկերասրահում: Հաշվի առնելով նկարագրված փեղկի արժեքավոր նշանակությունը Հայաստանի, հայ մշակույթի և կրոնի համար՝ որոշվել է ձեռք բերել փեղկը և տեղափոխել այն Հայաստան: Հայաստան տեղափոխելուց հետո արժեքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։
Արժեքի ձեռքբերման համար բրիտանական պատկերասրահը առաջարկել է վաճառքի գին՝ 330.0 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 165.0 մլն դրամ): Պետք է կատարվեն նաև տեղափոխման և ապահովագրության ծախսեր: Ընդհանուր անհրաժեշտ հատկացումը կազմում է 175,360.0 հազար դրամը, որը կհատկացվի Մշակույթի զարգացման հիմնադրամին և վերջինիս կողմից կապահովվեն բոլոր գործարքները:
«Մինչև 1990-ական թվականները մեզ հայտնի էր միայն 8 նման կտորի մասին [տեղեկություն], և փայտի փորագրության նմուշները բացառիկ են: Այս պարագայում խոսում ենք մի նմուշի մասին՝ այդ 8-ից մեկի, որը շրջանառության մեջ է դրվել 1980-ականների վերջերին և գտնվել է Նյու Յորքի մասնավոր հավաքածուում:
Բոլորովին վերջերս Արշիլ Գորկու մի կտավ ենք ձեռք բերել, որը շուտով կլինի Հայաստանում. այդ աշխատանքի ժամանակ ենք նկատել այս փեղկը: Սա հին հայկական եկեղեցիների մուտքի համար օգտագործված փեղկ է՝ Բագրատունյաց շրջանին բնորոշ: Իրականացվել են նաև համապատասխան ռադիոածխածնային վերլուծություններ, որոնք վկայում են նրա տարիքի մասին: Կան նաև հրապարակված հոդվածներ, որոնք վկայում են դռան մշակութային նշանակության մասին: Նաև գործուղել էինք մասնագետ, որը տեղում համոզվել է, որ այն, ինչ ձեռք ենք բերում, բացառիկ նշանակություն ունի:
Նախատեսում ենք, որ փեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում»,- հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: