
«Օրրան» բարեգործական կազմակերպության 160 շահառու երեխաների օրերս «Տաշիր Արենան» Տաթևիկ Կարապետյանի նախաձեռնությամբ հրավիրել էր ամանորյա կրկեսային շոուի։ Գունագեղ բեմադրությունը և ջերմ մթնոլորտը երեխաների համար հեքիաթային տրամադրություն էր ստեղծել։ Այդ մասին հայտնում է news.am-ը։
Աննկարագրելի էին Արցախում մեծացած ութամյա Յանի հույզերը․ նրա մանկության վաղեմի երազանքն էր գոնե մեկ անգամ հաղորդակցվել կրկեսի կախարդական աշխարհին և անձամբ զգալ դրա հմայքը։ Նա, շունչը պահած, աչքերը լայն բացած, հետևում էր ակրոբատների ճկուն շարժումներին, որոնք ուղեկցվում էին լուսային և ձայնային էֆեկտներով։ Յանը խոստովանեց, որ իրականացավ իր երազանքներից առաջինը՝ մասնակցել կրկեսային ծրագրին, իսկ երկրորդը մնում է նրա ու շատերի ամենամեծ ցանկությունը՝ վերադարձը Արցախ։
Ինչպես ասաց Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, «Տաշիր Գրուպի» նախաձեռնությունները ապացուցում են, որ բիզնեսն ու հասարակությունը կարող են ձևավորել փոխվստահության վրա հիմնված հարաբերություն, իսկ իրականացվող անշահախնդիր քայլերը՝ ամրապնդել հավատը բարության, կարեկցանքի և սոցիալական պատասխանատվության արժեքների արժեքների նկատմամբ։