Վենեսուելայում ԱՄՆ-ն ստեղծեց վտանգավոր հետևանքներով հղի «թարմ» նախադեպ

  • 21:47 04.01.2026

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ» ԱՄՆ-Ի ԻՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ

2026թ. հունվարի 3-ին ԱՄՆ-ն, ներխուժելով Վենեսուելայի ինքնիշխան տարածք և առևանգելով հիշյալ պետության ղեկավարին ու նրա կնոջը, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և Հելսինկյան եզրափակիչ ակտում, ինչպես նաև 1970 թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրում ամրագրված միջազգային իրավունքի առնվազն երեք սկզբունքները՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, վեճերի խաղաղ կարգավորման և պետության ներքին գործերի չմիջամտելու մասին:

Իր բռնի գործողությամբ ԱՄՆ-ն արհամարհեց և արժեզրկեց առանց այդ էլ մեր օրերում արժեզրկված միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման առաքելություն ունեցող Միավորված ազգերի կազմակերպությանը:

Սրանով ԱՄՆ-ն ստեղծեց վտանգավոր հետևանքներով հղի «թարմ» նախադեպ աշխարհի պետությունների համար:

Պետք է նշել, որ այսպիսի վարքագիծ առաջին անգամ չէ, որ դրսևորում է ԱՄՆ-ն: Դեռևս 1989թ. ԱՄՆ-ն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ժողովրդավարության վերականգնման պատճառաբանություններով ներխուժել է Պանամա և առևանգել դրա ղեկավար Մանուել Նորեգային:

Միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների կոպտագույն խախտմամբ բռնության կիրառումը, ինչպես նաև դրան հետևած աշխարհի պետություններին ուղղված ԱՄՆ նախագահի սպառնալիքները մի կողմից հոդս ցնդեցրեցին ԱՄՆ-ը գործող վարչակազմի կողմից պարբերաբար տարփողվող ժողովրդավարության, մարդու իրավունքների, պետությունների ինքնիշխանության և նման կարգի այլ հասկացությունների մասին հայտարարությունները, մյուս կողմից ի ցույց դրեցին իր իրական՝ բռնապետական դեմքը:

ԱՄՆ-ի վերոնշյալ քայլը դիտարկելով Ադրբեջան-Արցախ չկարգավորված հակամարտության լույսի ներքո՝ պետք է նշել, որ Արցախի Հանրապետության դեօկուպացիան իրականություն դարձնելու նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ թե միջազգային իրավունքին, այլ՝ ուժին:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ