Նարինեն Ստեփանակերտից է։ Նա դժվարին կյանքի միջով է անցել, բայց փորձությունները նրան ոչ թե կոտրեցին, այլ ավելի ուժեղ դարձրին։ Վաղ մանկության տարիներին նա վերապրել է Արցախյան առաջին պատերազմը, բայց հիմա ժպիտով է հիշում այդ դժվարին, բայց անհոգ օրերը։
Երջանիկ մանկությունն ավարտվեց տխուր. 14 տարեկանում անհաջող վիրահատության արդյունքում ողնաշարի վնասվածք է ստացել։ Այդ ժամանակվանից նրա համար այլ կյանք սկսվեց։ Նա բազմաթիվ փորձությունների միջով է անցել, որոնք արժանապատվորեն հաղթահարել է։
Ժամանակի ընթացքում Նարինեն իր օրինակով համոզվեց, որ ֆիզիկական սահմանափակումները չեն կարող խանգարել մարդուն վայելել կյանքը, պետք է հաշտվել իրականության հետ, նպատակ դնել և առաջ գնալ։
Ամեն մեկն իր խնդիրներն ունի։ Ոմանց մոտ դրանք տեսանելի են, իսկ ոմանց՝ թաքնված, ասում է նա։
Նարինեն մանկուց սիրում էր նկարել. Վնասվածքից հետո նա որոշել է լրջորեն զբաղվել նկարչությամբ։ Ք.Քոքսի վերականգնողական կենտրոնում, որտեղ նա բուժվում էր, գործել է նկարչական խումբ, որտեղ նա կատարելագործել է իր հմտությունները ուսուցչի օգնությամբ։
Նկարչության հանդեպ կիրքը գերակշռեց, եւ նա ընտրեց հենց այս մասնագիտությունը ու սկսեց պատվերով դիմանկարներ նկարել։
Նա առցանց մասնակցել է Լոնդոնում անցկացված ոսկե տաղանդների մրցույթին՝ զբաղեցնելով մրցանակ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գյուրջյանի անվան կիրառական արվեստի համալսարան։
Անարգելք միջավայրի և հարմար տրանսպորտային միջոցների բացակայության պատճառով նա չէր կարողանում ամեն օր հաճախել դասերին, բայց ոչինչ չէր կարող խանգարել նրան իր նպատակներին հասնելու ճանապարհին։ Հեռակա սովորելով՝ նա գերազանցությամբ ավարտել է համալսարանը։
Ի թիվս այլ խնդիրների, Նարինեն ուներ նաև հոգեբանական խոչընդոտներ։
Կուզենայի, որ մարդիկ մեզ ընդունեն այնպիսին, ինչպիսին կանք, և չունենային այն բարդույթները, որոնք արցախյան հասարակության մեծ մասն ունենում է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդու տեսնելիս, ասում է նա։
Այժմ Նարինեն ապրում է Ռուսաստանում, զբաղվում է վեբ դիզայնով, ինչպես նաև առցանց և օֆլայն նկարչության դասեր է անցկացնում երեխաների համար։
Նարինեն սիրում է աշխատել երեխաների հետ, և երեխաները նույնպես ձգվում են դեպի նա։ Նա շատ է անհանգստացած Արցախում շրջափակման մեջ գտնվող իր ընտանիքի և ընկերների համար և հուսով է, որ շուտով կկարողանա վերադառնալ հայրենիք՝ հանդիպելու նրանց, ինչպես նաև երազում է իր նկարների ցուցահանդես կազմակերպել Արցախում։
Նարինեի ստեղծագործություններից մի քանիսը կարող եք դիտել այստեղ։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: