Սիրիայի քրդերի՝ Թուրքիայի հետ գործարքը տապալվեց․ Թրամփը զգուշացրել է Սիրիայի նախագահին

  • 10:31 20.01.2026

Թուրքամետ Սիրիայի կառավարության և ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի միջև ենթադրյալ համաձայնագիրը ձախողվել է: Թուրքիան չի համաձայնում քրդական ինքնավարությանը, և ԱՄՆ-ն կարող է ցանկացած պահի փոխել իր դիրքորոշումը Սիրիայի թուրքամետ կառավարության նկատմամբ։

SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Գործակալության տվյալներով՝ հեռախոսազրույցի ընթացքում նրանք ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության և անկախության պահպանման կարևորությունը, ինչպես նաև քուրդ ժողովրդի իրավունքների և պաշտպանության երաշխավորման անհրաժեշտությունը: Թրամփը և ալ-Շարաան համաձայնել են շարունակել համագործակցությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում և դրա սպառնալիքների վերացման գործում։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է այն տեղեկությունները, որ սիրիական բանակը, Անկարայի աջակցությամբ, ազատագրել է ԴԱԻՇ-ի զինյալներին: Ավելի վաղ քրդական «Սիրիական դեմոկրատական ​​ուժերի» (SDF) ղեկավարությունը հայտարարել էր, որ երկուշաբթի օրը սիրիական բանակը սկսել է հարձակումը Հասաքե նահանգի ալ-Շադդայի բանտի վրա, որտեղ պահվում են ԴԱԻՇ-ի հազարավոր զինյալներ։ Հայյտնի է դարձել, որ նրանք փախել են բանտից։

Սիրիական քրդական ուժերը հայտնել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող իրենց դիրքերի վրա թուրքական օդուժի հարվածների մասին։

Իրաքյան Քրդստանի կառավարությանը մոտ գտնվող Rudaw հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայում քրդական ուժերի առաջնորդ Մազլում Աբդին պնդել է, որ Միացյալ Նահանգները, իբր, խոստացել է SDQ-ին ստեղծել ինքնավար կառավարում քրդաբնակ տարածքներում և պահպանել միասնական ռազմական ստորաբաժանումները։

Ի պատասխան՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ Դամասկոսը մտադիր չէ ինքնավարություն տրամադրել տարածաշրջաններին։

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է պաշտպանել Սիրիայի բանտերը, որտեղ պահվում են ԴԱԻՇ-ի ամենավտանգավոր հազարավոր զինյալներ։

Սիրիայի ժամանակավոր նախագահը ԴԱԻՇ-ի երկարամյա անդամ էր։

«Ես դիմում եմ Սիրիայի կառավարությանը. խնդրում եմ հասկացեք, որ ԴԱԻՇ-ի զինյալների փախուստը բանտերից աղետ կլինի ԱՄՆ-ի, Սիրիայի և ամբողջ տարածաշրջանի համար։ Ես համոզված եմ, որ Ամերիկայի դիրքորոշումը այս բանտերի վերաբերյալ պետք է հստակ լինի. պաշտպանեք դրանք ցանկացած անհրաժեշտ միջոցով», – ասել է սենատորը։

«Եթե Սիրիայի կառավարական ուժերը շարունակեն առաջխաղացումը դեպի հյուսիս՝ դեպի Ռաքքա, ես կձգտեմ վերականգնել պատժամիջոցները՝ համաձայն «Կեսարի օրենքի»։ Եթե այսպես շարունակվի, ոչ միայն կհետևեն կաթվածահար անող պատժամիջոցներ, այլև անդառնալի վնաս կհասցվի Միացյալ Նահանգների և նոր սիրիական կառավարության միջև հարաբերություններին։ Եթե դուք ցանկանում եք հակամարտություն ԱՄՆ Սենատի հետ և մտադիր եք երկարատև վնաս հասցնել ԱՄՆ-Սիրիա հարաբերություններին, ապա շարունակեք։ Եթե ուզում եք փրկել այս հարաբերությունները, կանգ առեք և շրջվեք։ Հուսով եմ՝ ճիշտ ընտրություն կկատարեք», – ասաց Գրեհեմը։

Միևնույն ժամանակ, իրաքյան զորքերը կուտակվում են Սիրիայի հետ սահմանի երկայնքով, այն բանից հետո, երբ Դամասկոսը վերահսկողություն է հաստատել հազարավոր ԴԱԻՇ-ի  զինյալների պահման վայրերի նկատմամբ։ Իսկ Իրաքի քրդական Փեշմերգաները արդեն տեղակայվել են իրենց սիրիացի հայրենակիցներին օգնելու համար։

Թուրքիան պայքարում է Սիրիայի լիակատար վերահսկողության համար՝ փորձելով ճնշել քրդերի ինքնավար գոյության ցանկությունը։ ԱՄՆ-ի աջակցությունը քրդերին ցույց է տալիս, որ Թուրքիայի հավակնությունները Վաշինգտոնում չեն ընդունվում որպես օրինական, ոչ փոքր մասամբ՝ իսրայելական գործոնի պատճառով։ ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ Մոնրոյի դոկտրինին և մեկուսանալ Արևմտյան կիսագնդում, ինչը հարցեր է առաջացնում այն ​​մասին, թե ում ազդեցության ոլորտը կլինի Մերձավոր Արևելքում։ Այս հարցին չպատասխանելը կարող է ամբողջ Արևելյան կիսագունդը քաոսի մեջ գցել։