
Մեղրի
Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին այն մասին, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «ԹՐԻՓՓ» ծրագրի իրականացման շրջանակը ոչ Հայաստանի, ոչ ԱՄՆ համար իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ չի պարունակում, հետեւաբար, պարտադիր կատարման բնույթ չունի, վաղը կարող է չեղարկվել, կարող է ամբողջովին փոխվել։ Պատգամավորը նշեց, որ իր գնահատմամբ՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրվող անխոչընդոտ ճանապարհն իրականում միջանցք է։ Նշվում է, որ փոխարենը Ադրբեջանը Հայաստանին տրամադրում է փոխադարձ առավելություն։
«Մեր քննադատություններն ու հարցերն ուղղված էին՝ հասկանալու համար, թե վերջիվերջո ի՞նչ փոխադարձ առավելություն է դա։ Ասում էիք՝ անցում՝ անցման դիմաց։ Հիմա հունվարի 14-ին այս փաստաթուղթը ստորագրվեց, բայց որեւէ հստակեցում չկա, թե վերջիվերջո Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանի տարածքով ինչ պայմաններով են օգտվելու։ Արդյոք տեղյա՞կ եք, Ադրեջանի եւ ԱՄՆ միջեւ համանման փաստաթուղթ ստորագրվելու է, թե՞ ոչ։ Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են ՀՀ տարածքով անցնող երկաթգծից օգտվել, դիցուկ, որեւէ մեկը Սյունիքի արեւելքից նստի գնացք եւ Ագարակում իջնի։ Եվ երրորդ հարցը՝ այդ ենթակառուցվածքը, որն անցնում է՝ էներգետիկ, ճանապարհային, մալուխային եւ այլն, դա Հայաստանի էնորգետիկ ցանցին միանալու է, թե՞ չէ։ Եվ արդյոք Ադրբեջանի տարածքում մենք նույնպես իրավո՞ւնք ենք ստանալու դրան համարժեք ենթակառուցվածքներից օգտվելու»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման, եւ ներմուծման հնարավոր պայմաններից»։
Անդրադառնալով հարցին, որ «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ փաստսաթուղթը չունի իրավական պարտադիր ուժ, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի նախագծերը կգրվեն եւ խորհրդարանում կհաստատվեն։
«Ասում եք՝ ՀՀ-ն պետք է ստանա փոխադարձ առավելություններ, այդ ի՞նչ փոխադարձ առավելություն է, ամոթ էլ է, եթե մենք դա չենք նկատում։ Հարգելիներս, մենք արդեն ստացել ենք այդ փոխադարձ առավելությունների մի մասը։ Բա որ բենզինի գինը 20 տոկոսով ընկել է, բա ցորեն է ներկրվում ՀՀ Ռուսաստանից եւ Ղազախստանից, դա փոխադարձ առավելությո՞ւն չէ։ Ադրբեջանում հիմա էլ հետեւում են, ասում են՝ հետաքրքիր է, ՀՀ խորհրդարանում մեկը կնկատի՞, որ այդ փոխադարձ առավելության մի մասն արդեն իսկ ստացվել է։ Ասում եք՝ իմ գնահատմամբ միջանցք է։ Ի՞նչ ասեմ։ Իմիջիայլոց, այսօր Ադրբեջանի ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ իրենք իրենց երկրի տարածքով միջանցքներ են տրամադրել ՀՀ-ին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Արթուր Խաչատրյանը կրկնեց հարցը՝ մենք երբ ենք մեր գնացքով հատելու Ադրբեջանի սահմանը, որո՞նք են լինելու այդ անցման պայմանները։ «Կոնկրետ ժամանակն ասեմ՝ դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ երկաթգիծը պատրաստ լինի, որը ձեր քաղաքական առաջնորդն ու ձեր խմբակցության ղեկավարը իրար հետ քանդել-ծախել են։ Մենք չենք կարա ուսով գնացք տանել, գնացքը գնալու է երկաթուղիով։ Հիմա ինչո՞ւ է գալիս Վրաստանի տարածքով, որովհետեւ Հայաստանը Վրաստանին կապող երկաթուղի կա»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։