Գերմանիան ինքն իրեն է հարվածում և չի կարողանում խուսափել «ուժի» գայթակղությունից

  • 11:23 31.01.2026

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ելույթները նոր շեշտադրում են ստացել։ Հունվարի 29-ին նա Բունդեսթագում հանդես եկավ արտաքին քաղաքականության վերաբերյալ կառավարական հայտարարությամբ։ Մերցը խոսեց արագ զարգացող նոր աշխարհակարգի մասին, որտեղ, ինչպես նշեց կանցլերը, Եվրամիությունը և Գերմանիան պետք է սովորեն «խոսել ուժային քաղաքականության լեզվով»։ Չնայած սա, անշուշտ, նորություն չէ, այն փաստը, որ Գերմանիայի կառավարության ղեկավարը նման հայտարարություններ է անում, շրջադարձային կետ է, ըստ DW-ի։

Միևնույն ժամանակ, Մերցը հայտարարեց, որ օրենքի վրա հիմնված աշխարհակարգը դեռևս գործում է։

Դավոսում առաջին անգամ պարզ դարձավ, որ ԵՄ-ն կարող է դառնալ ուժ, որի հետ պետք է հաշվի նստել։ Իր կառավարական հայտարարության մեջ կանցլեր Մերցը խոսեց «ինքնահարգանքի երջանկության» մասին և ընդգծեց՝ դիմելով Թրամփին. «Որպես ժողովրդավարություններ՝ մենք գործընկերներ և դաշնակիցներ ենք, այլ ոչ թե ենթականեր»։

Անցյալ տարի Բրյուսելը երկու անգամ փորձեց Դոնալդ Թրամփին վերադարձնել միջազգային իրավունքի հին աշխարհ՝ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ալյասկայում կայացած գագաթնաժողովի մասին արձագանքով և Ուկրաինայի համար 28 կետանոց ծրագրով։ Սակայն դա տևական արդյունքներ չտվեց։

Մեկ շաբաթ առաջ Դավոսում Զելենսկին թվում էր հիասթափված. նա կասկածում է, որ կարող է չխուսափել այն ճիրաններից, որոնց մեջ նրան գցել են Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները։ ԵՄ-ն, գոնե այս անգամ, չի դիմադրում. այն զբաղված է ինքն իրենով։

Մերցի խոսքով՝ վերջին շաբաթներին ավելի ու ավելի պարզ է դառնում, որ ի հայտ է գալիս «մեծ տերությունների աշխարհ», որից փչում է «ուժեղ քամի», և Եվրոպան շուտով կզգա այն։

«Մենք աշխարհում իմպերիալիզմի և ավտոկրատիայի նորմատիվ այլընտրանքն ենք», – հայտարարեց նա՝ նշելով, որ Եվրոպան կարող է իր գործընկերներին առաջարկել ինչպես տնտեսական, այնպես էլ, առաջին հերթին, արժեքային առավելություններ, որոնցից հրաժարվել չի ցանկանում։

«Մեծ տերությունների նոր աշխարհը հիմնված է ուժի, հզորության և, անհրաժեշտության դեպքում, բռնության վրա։ Սա հարմարավետ վայր չէ», – հայտարարել է նա։

Մերցը կարծում է, որ Գերմանիան և Եվրոպան պետք է դառնան ինքնիշխան պետությունների ցանցի մաս, որը հավատարիմ է կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգին, ազատ առևտրին և նվազագույն առևտրային արգելքներին։

Կանցլեր Մերցի հակասական հայտարարությունը հնչում է ինչպես կրակոց սեփական ոտքին. մի կողմից նա խոսում է ուժային լուծումների, մյուս կողմից՝ կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգի մասին։ Տպավորություն է, թե ԵՄ-ն համաձայն է համաշխարհային կարգի, որտեղ կանոնները կկարգավորեն ուժի կիրառումը և կօրինականացնեն ուժային լուծումների արդյունքները։

Պանդորայի արկղը, որը բացվեց 2014 թվականին Ղրիմի բռնակցմամբ և ավելի լիարժեք՝ 2020-2023 թվականներին Արցախում, ավելի ու ավելի է քանդվում և չի կարող շրջանցել Եվրոպան։

Եվրոպան կարող է լավագույնս ստեղծել ոչ թե բռնության, այլ օրենքի վրա կառուցված աշխարհակարգ։ Միայն սա կարող է դառնալ Եվրոպայի հախթաթուղթը, որը հասկանալի կլինի աշխարհի համար։

Այնուամենայնիվ, Մերցի հայտարարություններից դատելով, եվրոպական իրավական կարգը կարող է չդիմանալ ուժի կիրառման ևս մեկ գայթակղությանը։ Այս անգամ, սակայն, Եվրոպան ստիպված կլինի բախվել աներևակայելիորեն հզոր և ցինիկ հակառակորդների հետ։