Իրանն ու ԱՄՆ-ն Օմանում բանակցություններ կանցկացնեն, բայց ԱՄՆ-ը զգուշացնում է

  • 12:58 06.02.2026

Իրանը և Միացյալ Նահանգներն այսօր Օմանում պատրաստվում են բարձր մակարդակի բանակցություններ անցկացնել: Իրանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագիրը, իսկ բալիստիկ հրթիռների հարցը քննարկման առարկա չէ:

Նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կգլխավորեն իրենց պատվիրակությունները:

«Իրանը բանակցություններին մոտենում է բաց աչքերով և անցած տարվա իրադարձությունների վառ հիշողություններով: Մենք բարի կամքով ենք գործում և անսասան ենք մեր իրավունքների պաշտպանության հարցում», – այսօրվա բանակցություններից առաջ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար դիրքը, փոխադարձ հարգանքը և փոխադարձ շահը հռետորաբանություն չեն. դրանք պարտադիր են և ամուր համաձայնագրի հիմնասյուներն են»։

Այս հանդիպումը կողմերի միջև կլինի առաջինը՝ անցած տարեվերջից Իրանում սկսված բողոքի ցույցերից և դրանք կոշտ բռնությամբ ճնշելու՝ Իսլամական Հանրապետության փորձերից հետո, որոնց հետևանքով հազարավոր ցուցարարներ սպանվեցին։ Ի պատասխան Միացյլա Նահանգների նախագահը գուշացրել էր, որ Վաշինգտոնը կարող է դիմել ռազմական միջամտության՝ տարաշածրջան ուղարկելով հավելյալ ուժեր ու ռազմանավեր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է.-«Նրանք չեն ուզում, որ մենք հարվածենք նրանց, մենք մեծ նավատորմ ունենք այնտեղ»՝ նկատի ունենալով ավիակիրների խումբը, որը նա բազմիցս անվանել է «նավատորմ»։

ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը և, մասնավորապես, մտածեն ցամաքային ճանապարհով Հայաստան կամ Թուրքիա մեկնելու մասին, զգուշացրել է Իրանում ԱՄՆ դեսպանատունը։

«Մշակեք Իրանից հեռանալու ծրագիր, որը կախված չէ ԱՄՆ կառավարության օգնությունից», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելին, դեսպանատունը զգուշացրել է, որ Իրանում պետք է սպասել ինտերնետային ծառայությունների խափանումների։ ԱՄՆ քաղաքացիները նույնպես ենթարկվում են ձերբակալության բարձր ռիսկի, և ԱՄՆ անձնագրի կամ ԱՄՆ-ի հետ կապերի ցուցադրումը կարող է հանգեցնել ձերբակալության, ընդգծել է դեսպանատունը։