
ԱՄՆ-ի և Իրանի միջև Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունները կշարունակվեն հանգստյան օրերից հետո, և առաջին փուլը «շատ լավ» է անցել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս հայտարարություններն արել է փետրվարի 6-ի երեկոյան՝ Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ խոսելով։
«Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք Իրանի վերաբերյալ։ Իրանը, կարծես, շատ հետաքրքրված է համաձայնության հասնելու հարցում։ Կտեսնենք, թե ինչպիսին կլինի այդ համաձայնագիրը», – ասել է Թրամփը։ Այնուհետև նա հիշեցրել է, որ ամերիկյան «մեծ նավատորմը» ուղևորվում է Մերձավոր Արևելք։
Համաձայնության հասնելու սպասվող մոտավոր ժամանակացույցի մասին լրագրողի հաջորդ հարցին ի պատասխան՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն «բավականին ժամանակ ունի»՝ հղում անելով Վենեսուելային, որը մի քանի շաբաթ գտնվում էր ԱՄՆ շրջափակման տակ, նախքան ԱՄՆ ուժերը առևանգեցին և տարհանեցին նրա առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին։ «Մենք որոշ ժամանակ սպասել ենք», – նշել է Թրամփը այս համատեքստում։ «Շտապողականություն չկա»։
Միևնույն ժամանակ, Թրամփը սպառնաց պատժիչ մաքսատուրքեր սահմանել Իրանի առևտրային գործընկերների նկատմամբ: Նախագահի կողմից ստորագրված գործադիր հրամանագրի համաձայն՝ մաքսատուրքեր կարող են սահմանվել ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա այն երկրներից, որոնք ապրանքներ կամ ծառայություններ են գնում Իրանից: Սպիտակ տան ղեկավարը կոնկրետ երկրներ չի անվանել, բայց որպես օրինակ բերել է 25% մաքսատուրքը։
Օմանի միջնորդների միջոցով պատվիրակությունների շփումից հետո, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հանդիպումը տեղի է ունեցել «դրական մթնոլորտում», և երկու երկրների դիվանագետները համաձայնել են շարունակել քննարկումը: Սակայն, Արաղչին ընդգծել է, որ քննարկումները կենտրոնացած են եղել բացառապես «միջուկային հարցի» վրա։
Արաղչիի խոսքով՝ Մասկատում անուղղակի հանդիպումից հետո երկու երկրների պատվիրակությունները կվերադառնան իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների համար։