
«Դեռ ոչինչ չի համաձայնեցվել, բացի այն, որ ես պնդել եմ Իրանի հետ բանակցությունները շարունակելու վրա՝ տեսնելու համար, թե արդյոք հնարավոր է համաձայնության գալ», – գրել է ԱՄՆ նախագահ Թրամփը սոցիալական ցանցերում՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։
Իրանցի քաղաքական գործիչներն ու միջազգային վերլուծաբանները նշում են, որ Նեթանյահուն ամեն ինչ անում է Թրամփին համոզելու համար հարվածել Իրանին և վերջ դնել այաթոլլաների ռեժիմին։ Նեթանյահուն չի թաքցնում, որ խնդիրը Իսրայելի պետականության պահպանումն է՝ այն կապելով Իրանի հետ։
Ըստ ԶԼՄ-երի՝ արաբական միապետությունները և նույնիսկ Թուրքիան համոզում են Թրամփին հարված չհասցնել Իրանին և գործարք կնքել։ «Բազեները» պնդում են, որ հարվածի որոշումն արդեն կայացված է, և Թրամփը պարզապես սպասում է անակնկալ հարձակման համար հարմար պահի։
Այս իրավիճակում փոխնախագահ Վենսը այցելել է Երևան և Բաքու՝ հայ-իրանական սահմանը անվանելով «ճանապարհ, որը կապում է Ադրբեջանի երկու մասերը»։ Նա նաև Ալիևին անվանել է Թրամփից բացի միակ առաջնորդը, որը եզակի հարաբերություններ է պահպանում Թուրքիայի և Իսրայելի հետ։ Վենսը չի հիշատակել, որ Ադրբեջանը՝ իրանական ոճի շիիզմ քարոզող միակ թյուրքական պետությունն է։
Հայաստանում Վենսը այցելեց Ծիծեռնակաբերդ, սկզբից տեղադրեց մի գրառում, որտեղ հիշատակեց «ցեղասպանություն» տերմինը, ապա այն փոխարինեց անիմաստ գրառմամբ՝ «հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելու» մասին։
Իրանը Վենսի այցին պատասխանեց մեկ հայտարարությամբ. «Մենք ամեն ինչի հետ համաձայն ենք, քանի դեռ տարածաշրջանի սահմաններին վտանգ չի սպառնում»։
TRIPP-ը ուղղակի սպառնալիք է հայ-իրանական սահմանին։ Երկու կարևոր հարց մնում է անպատասխան. արդյո՞ք Թրամփի ճանապարհը կփակի հայ-իրանական սահմանը, և որքա՞ն լայն կլինի այս ճանապարհը։
Նիկոլ Փաշինյանը երկրորդ հարցին խուսափողականորեն պատասխանեց Վենսի հեռանալուց հետո՝ նշելով, որ 42 կիլոմետրանոց ճանապարհը կունենա առնվազն 500 մետր լայնություն։ Սակայն այն հարցը, թե արդյոք Հայաստանի և Իրանի միջև ուղիղ կապը կպահպանվի, եթե կառուցվի Թրամփի ճանապարհը, մնում է անպատասխան։
Պատասխանելով տարածաշրջանում ամերիկյան ներկայության ընդլայնման և TRIPP- վերաբերյալ հարցին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին նշել է. «Այսօր ես հանդիպեցի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում մենք քննարկեցինք հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Մենք նաև նշեցինք Ջուլֆա-Նախիջևան-Երասխ երկաթուղու գործարկման անհրաժեշտությունը՝ Պարսից ծոցի և Սև ծովի միջև կապ հաստատելու համար։ Հայաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ թույլ չի տա որևէ քայլ Իրանի դեմ։ Հնարավոր է՝ դեռ վաղ է այս մասին խոսել, բայց ապագայում մենք կարող ենք շատ լուրջ քննարկել դա»։
Արդյո՞ք Իրանի ղեկավարությունը պատրաստ է երաշխիքներ տրամադրել Հայաստանին, եթե հայ-իրանական սահմանը սպառնալիքի տակ հայտնցի ԱՄՆ-ի կամ Ադրբեջանի կողմից հակաիրանական գործողությունների պատճառով։
Դեռևս Թրամփի ճանապարհը չկա, հայ-իրանական հաղորդակցությունները գործում են, բայց իրադարձությունների հետագա ընթացքը կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները։ Իրանն արդեն հայտարարել է ուրանի հարստացման մակարդակը նվազեցնելու իր պատրաստակամության մասին։ Բայց պարզ չէ՝ բանակցությունները կավարտվեն՞ համաձայնագրով, թե՞ պատերազմով։
Պատերազմը կփոխի տարածաշրջանի սահմանները, և դատելով Վենսի հայտարարությունից՝ ԱՄՆ-ն կցանկանար սահմանները որոշել՝ հաշվի առնելով Իսրայելի, Թուրքիայի և նրանց «ընկեր» Ալիևի տեսակետները։ Ինչպե՞ս կարձագանքեն տարածաշրջանի հին նստակյաց ժողովուրդները՝ հայերն ու իրանցիները։