Մխիթարյանը կվերադառնա՞ Հայաստանի հավաքական

  • 19:34 16.02.2026

«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Վերջինս վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հաղորդվում է, որ Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը նաև քննարկել են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը ավելի վաղ խոսելով Հենրիխ Մխիթարյանի մասին, հայտարարել էր.- «Ես՝ որպես գլխավոր մարզիչ, շատ կցանկանայի նման ֆուտբոլիստի տեսնեի, բայց, ես ասել եմ՝ ոչ թե կբերեմ, ես կփորձեմ իր հետ խոսել: Կհանդիպեմ, կխոսեմ, բայց ամեն դեպքում, իր որոշումը ինչպես էլ լինի, ես իրեն հասկանում եմ և իր որոշումը կհարգեմ՝ գալուց էլ, չգալուց էլ»:

Մխիթարյանը 2022-ի մարտին հայտարարեց Հայաստանի հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին: Միլանում «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում հայ ֆուտբոլային աստղը վերահաստատել էր իր որոշումը և նշել. «Ես կայացրել եմ այդ որոշումը՝ իմ զգացմունքներից ելնելով, ոչ մեկ ինձ չի ստիպել, ոչինչ չի եղել, այդ պահին այդպես եմ որոշել և այս պահին որոշումս փոխելու մտադրություն չունեմ»:

Կարո՞ղ է արդյոք հայ ֆուտբոլիստը վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական, որը, ենթադրաբար, լքել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ անհամաձայնության պատճառով։