
Փետրվարի 22-ը Ասկերան քաղաքի Վերածննդի օրն է: 1988 թվականի հենց այդ օրն ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված տալ թշնամուն և հետագա հաղթանակների հիմքը դնել: Հետագայում Ասկերանի քաղաքապետարանի որոշմամբ այն հռչակվեց Ասկերան քաղաքի Վերածննդի օր, իսկ քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ հեռավոր 88-ին առաջին անգամ բռունցքվեցին ասկերանցիները, կոչվեց Փետրվարի 22-ի հրապարակ:
Իր հիշողություններն է մեզ հետ կիսում Արցախյան շարժման առաջամարտիկ, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, Ասկերանի նախկին քաղաքապետ Թաթուլ Շեկյանը
-1988-ի փետրվարը կարևորագույն իրադարձություններով էր լցված։ Այլևս հատել էր արցախցու համբերության սահմանը, և մեր պահանջն էր միանալ մայր Հայաստանին: Այդ ժամանակ մենք շատ համախմբված էինք, վճռական, համարձակ:
Առաջին անգամ պատմության մեջ մեր ժողովուրդը որոշեց չենթարկվել քաղբյուրոյի որոշմանը, քանի որ այն մեզ տանում էր դեպի կործանում: Մենք որոշեցինք չարժանանալ Նախիջևանի ճակատագրին, և ժողովուրդն ընտրեց ընդդիմանալու, պայքարելու ճանապարհը:
1988 թվականի փետրվարի 22-ը պատմական նշանակալից օր էր բոլորիս համար։ Այդ օրը ադրբեջանական բազմահազարանոց խառնամբոխը հայտնվեց Ասկերան քաղաքի մատույցներում և փորձեց հատել այն ու հասնել Ստեփանակերտ, սակայն ճիշտ ու ժամանակին ինքնակազմակերպման ու դիմադրության շնորհիվ ձախողվեց թշնամու ծրագիրը: Մենք կարողացանք արժանի հակահարված տալ ու հետ շպրտել նրանց՝ անտեսելով բոլոր վտանգներն ու հետագա հետապնդումները։
Այսօրվա պես հիշում եմ այդ օրը․ հավաքվել էին Ասկերանի ու հարակից բնակավայրերի բնակիչները՝ մեծից փոքր։ 88-ի ոգին շատ էր ուժեղ։ Հիմա, որ մտաբերում եմ այն ոգևորված դեմքերը, վճռական քայլերը, հասկանում եմ, որ հենց այդ էր մեր հաղթանակների գրավականը։
1988 թվականի փետրվարի 22-ին վերածնվեց Ասկերանը: Այդ օրն Ասկերանն իր դարպասները մեկընդմիշտ փակեց ոսոխի դեմ, կարողացավ պահպանել իր դեմքը, թշնամուն ցույց տվեց իր կամքը, ուժեղ ոգին: Կանխվեց ցեղասպանությունը և սկիզբ դրվեց մեր ինքնապաշտպանությանն ու անկախ պետականությանը:
Պատմական տարբեր ժամանակներում թշնամիներին դիմակայելու համար Ասկերան բնակավայրը միշտ էլ կարևորագույն դերակատարություն է ունեցել և փետրվարի 22-ը այդ ամենի ապացույցն էր։ Այդ օրն ասկերանցին իր անունը փառքով է պսակել դեռևս նոր հասունացող Արցախյան շարժման տարեգրության մեջ, և Արցախյան շարժման և դրան հաջորդած ազգային-ազատագրական պայքարի ողջ ընթացքում Ասկերանն իր ռազմավարական դիրքով ու նշանակությամբ ամրակուռ բերդ-ամրոցի դիրքից երբեք չի նահանջել։
Սակայն, ցավոք, հազարավոր հայորդիներ զոհվեցին մեր պայքարի ճանապարհին։ Նրանք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն անկախ ու ազատ երկրի, որտեղ պիտի ապրեին սերունդներ․․․
Հավերժ փա՜ռք ու պատիվ մեր նվիրյալներին․․․ Տղաների արյամբ շաղախված սուրբ հողում ապրեցինք ու շարունակեցինք կերտել բարգավաճ երկիր։ Իհարկե, թշնամին շարունակում էր իր ոտնձգությունները։ Մեր ժողովուրդը հաղթահարեց ապրիլյան քառօրյա, 2020-ի 44-օրյա պատերազմները, 9-ամսյա շրջափակումը, սակայն 2023-ին, ցավոք, կորցրինք մեր դրախտավայր Արցախը․․․
․․․Այսօր Ասկերանի Վերածննդի օրն է, և ես ուզում եմ շնորհավորել իմ հաղթանակած ժողովրդին ու հորդորել, որ երբեք չընկճվի, չկորցնի Արցախ վերադարձի հույսը։ Ուզում եմ հավատալ, որ վերածնունդներ դեռևս լինելու են․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ