Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը նշել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում իրենք ինտենսիվ աշխատել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի խնդրի կարգավորման ուղղությամբ։
«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ և դրա հետևանքներով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Մենք անընդհատ ասում ենք, որ այս միջանցքը պետք է բաց լինի առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտի շարժի համար»,- ասել է դիվանագետը։ Քիմն ընդգծել է մարդասիրական պաշարների վերականգնման հրատապությունը։
Նա նշեց, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն, ԱՄՆ ՄԶԳ գործընկերները, ինքը և շատ գործընկերներ ակտիվորեն ներգրավված են այս հարցում՝ հասնելու Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը և անխափան շահագործմանը, ինչպես նաև մարդասիրական այլ ուղիների: Քիմը նաև ասել է, որ Լու Բոնոն կրկին տարածաշրջանում է՝ Լեռնային Ղարաբաղ մատակարարումների անհապաղ և անխոչընդոտ թույլտվություն ստանալու նպատակով։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ վերականգնել մասնավոր մարդասիրական տրանսպորտի ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաև գիտակցում է լրացուցիչ երթուղիների կարևորությունը։
Նա ընդգծել է. «Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ էթնիկ զտումների կամ այլ վայրագությունների փորձեր՝ լինի դա կարճաժամկետ, թե երկարաժամկետ»:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը նշել է. «Նախագահ Ալիևն ասում է, որ ինքը էթնիկ զտումներ չի կազմակերպում։ Բայց դա հենց այն է, ինչ նա անում է»,- հավելելով, որ Ալիևը ձգտում է քաղաքականապես ստրկացնել կամ սովի մատնել Արցախի ժողովրդին։
Նա մեջբերեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցի մի մասը. «Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է, առանց անհապաղ հիմնարար փոփոխությունների, մի քանի շաբաթից հայերի այս խումբը կոչնչացվի»։ «Մի քանի շաբաթ, մենք այնքան ժամանակ ունենք», – ընդգծել է Մենենդեսը:
«Ես աջակցում եմ ցանկացած ջանքերի՝ ապահովելու կայուն խաղաղություն և անվտանգություն և հիմնարար իրավունքները տարածաշրջանի բոլոր մարդկանց համար: Բայց իրականությունն այն է, որ խոսակցությունն անօգուտ է, երբ այդ բանակցությունների կողմերից մեկը էթնիկ զտումների քաքաղաքակությամբ է զբաղվում»,- ասել է Մենենդեսը:
«Եվ ինչու մենք ավելի հրապարակայնորեն չենք քննարկում պատժամիջոցները այն գործողությունների համար, որոնք, կարծում եմ, բոլորս կարող ենք համաձայնել, որ հստակ պատժելի են», – եզրափակեց Մենենդեսը:
Յուրի Քիմը թվարկել է այն պատճառները, թե ինչու է ԱՄՆ-ն օգնում Ալիևին (իրականում թույլ տալով Արցախում էթնիկ զտումները).
Մենենդեսը քմծիծաղ տվեց.« էթնիկ զտումներ իրականացնելու իրավունք ստանալու համար շա՞տ չեն կետերը»:
Նա հարցրեց Քիմին, թե ինչու Բայդենի վարչակազմը չի կատարում ՄԱԿ-ի դատարանի որոշումը: Քիմը պատասխանել է, որ այս հարցի պատասխանը պետական գաղտնիք է։« Ինձ երբեմն տարակուսում է Պետդեպարտամենտի գործունեությունը, այդ թվում՝ ձեր այս պատասխանը»,- անդրադարձել է Մենենդեսը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: