Պեզեշքիանի հետ զրույցից հետո Ալիևը բացեց իրանա-ադրբեջանական սահմանը

  • 11:00 09.03.2026

Ադրբեջանը վերականգնել է Իրանի հետ սահմանին բեռնափոխադրումները, որոնք դադարեցվել էին Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի խոցումից հետո։ Որոշումը կայացվել է նախագահներ Մասուդ Պեզեշքիանի և Իլհամ Ալիևի միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։

Բեռնափոխադրումները, այդ թվում՝ երկկողմանի և տարանցիկ, վերսկսվել են մարտի 9-ի առավոտյան, հայտարարել է երկրի կառավարությունը։

Ալիևի հետ զրույցի ընթացքում Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը կապ չունի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետ, և որ միջադեպը կհետաքննվի, հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Իր հերթին Ալիևը ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը։

Ալիևը կրկին իր ցավակցությունն է հայտնել Իրանում վերջին իրադարձությունների ժամանակ բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ։

Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության՝ հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները նաև մտքեր են փոխանակել համատեղ տնտեսական նախագծերի մշակման հեռանկարների վերաբերյալ։