Առաջին ծիծեռնակ․ Իրաքը հրաժարվում է լինել Իրանի դեմ հարձակումների հարթակ

  • 23:57 10.03.2026

Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին այս երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կայացած զրույցում հայտարարել է, որ Իրաքը չպետք է հենադաշտ դառնա Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի շրջանակում հարձակումներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Իրաքը սահմանակից է Իրանին, որին փետրվարի 28-ին ԱՄՆ-ն ու Իսրայելը զանգվածային հարվածներ են հասցրել, ինչպես նաև Պարսից ծոցի երկրներին, որոնց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարվածներ է հասցրել:

Ինչպես նշում է լրատվամիջոցը՝ պատերազմի մեկնարկից ժամեր անց Իրաքի օդային տարածքը լցվել էր բոլոր ուղղություններից թռչող կործանիչներով և հրթիռներով։

Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում ալ-Սուդանին ընդգծել է «այն կարևորությունը, որ Իրաքի օդային տարածքը, ցամաքը և ջրերը չպետք է օգտագործվեն որևէ ռազմական գործողության համար՝ ուղղված հարևան երկրների կամ տարածաշրջանի դեմ»։ Այս մասին նշված է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ալ-Սուդանին մերժել է «երկիրը շարունակվող հակամարտությունների մեջ ներքաշելու ցանկացած փորձ», ինչպես նաև «որևէ կողմից երկրի օդային տարածքի խախտումները»։

Իրաքը, որը երկար ժամանակ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի պատերազմների դաշտ էր, հակամարտության մեջ է ներքաշվել հենց սկզբից։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը մեղադրվել են իրանամետ խմբավորումներին հարվածելու մեջ, որոնք էլ իրենց հերթին հայտարարել են Իրաքում և ընդհանուր տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հարձակումների մասին։

Այսպիսով, Իրաքը կարող է դառնալ Իրանի հարևաններից առաջինը, որը կհետևի Իրանի պահանջին․ Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է ձեռնպահ մնալ հարևան երկրների վրա հարվածերից, եթե նրանք թույլ չտան ԱՄՆ-ին և Իսրայելին օգտագործել իրենց տարածքները Իրանի վրա հարձակումների համար: Արդյո՞ք Պարսից ծոցի երկրները, որոնք, չնայած իրենց տարածքում գտնվող ամերիկյան բազաների վրա Իրանի հարվածներին, չեն մտել Իրանի դեմ պատերազմի մեջ, կհետևեն Իրաքի օրինակին:

Ի դեպ, Իրանը ներկայացրել է ևս մեկ վերջնագիր. նա թույլատրվելու է օգտագործել Հորմուզի նեղուցը այն երկրներին, որոնք վտարեն ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպանատները: Այսօր լուրեր են շրջանառվել, որ Իրանը մտադիր է ականապատել Հորմուզի նեղուցը: