Սահմանադրական դատարանը մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ Արցախը Հայաստա՞ն է, թե՞ ոչ

  • 10:42 14.03.2026

Սահմանադրական դատարանը մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը՝ արձանագրելով, որ բարձրացվող հարցերը ՍԴ քննության ենթակա չեն։ Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Ջալալ Հարությունյանն, ինչպես արդեն հայտնի է, դատապարտվել է 5 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության համար, խոսքը «ՑՕՐ-ի» դրվագի մասին է։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը, Վճռաբեկ դատարանն էլ  վարույթ չի ընդունել բողոքները, ըստ այդմ, դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, Հարությունյանն էլ տեղափոխվել է ՔԿՀ՝ պատժի կրման համար։

Ջալալ Հարությունյանի անունից անհատական դիմում է ներկայացվել ՍԴ, որում բարձրացվել են մի քանի հարցեր, այդ թվում, ընդդատության հարցը։

Ըստ Հարությունյանի՝ ՀՀ «դատարանի դատական տարածք» եզրույթին դատարանների կողմից հաղորդվել է լայն և ինքնավար (ավտոնոմ) սահմանադրության նախաբանի էությանը հակասող այնպիսի հակասահմանադրական մեկնաբանություն, որի արդյունքում «դատական տարածքում» է ներառվել միջազգայնորեն «ՀՀ տարածք» չհանդիսացող «ԼՂ տարածքը», որպես հետևանք՝ ԼՂ-ում կատարված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ վարույթը դիտարկվել է իբրև «ՀՀ դատական տարածքում կատարված հանցանքի վարույթ», և Հարությունյանը պահանջել  է այդ մեկնաբանությունը ճանաչել հակասահմանադրական։

Հարությունյանը ևս մի քանի հարց է ուղղել ՍԴ-ին, սակայն ՍԴ-ն մերժել է դիմումը՝ արձանագրելով, որ բարձրացված հարցերը ՍԴ քննության ենթակա չեն։

Իհարե՝ ենթակա չեն։ Թե չէ ՍԴ-ն կամ պետք է ճանաչեր, որ Արցախը Հայաստան է, կամ՝ ճանաչելով, որ Արցախը Հայաստան չէ, ՀՀ դատարաններում քննվող հազարավոր գործեր համարի ոչ իրավաչափ։ Չէ՞ որ մինչ օրս հազարավոր զինվորականներ, այդ թվում արցախցիներ դատվում են Արցախում տեղի ունեցած գործողությունների համար։ 

Այդ գործերը չեն կարճվել ոչ Պուտինի միջնորդությամբ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ոչ Մակրոնի միջնորդությամբ 2022 թ․ հոկտեմբերին ստորագրված և սովետական սահմանները ճանաչող հուշագրից հետո, ոչ էլ 2025-ի օգոստոսի 8-ին Թրամփի միջնորդությամբ ստորագրված “խաղաղության պայմանագրի” նախաստորագրումից հետո։ 

Վերջին օրերին Փաշինյանը լծվել է “Արցախի մասին նույնիս հիշատակելն է կազուս բելլի” թեզի տարածման, սակայն դատարանները շարունակում են քննել Արցախում կատարված “ռազմական հանցագործությունները”։