Հայերը՝ «Օսկար 2026»-ում

  • 19:52 16.03.2026

news.am

Լոս Անջելեսում կայացավ ևս մեկ «Օսկար» մրցանակաբաշխություն, այս տարի՝ 98-րդ անգամ։ Եվ մինչ հայերով դեռ հպարտությամբ հիշում էինք Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի պարգևած էմոցիաները նախորդ տարվա մրցանակաբաշխությունից, երբ նրանց մասնակցությամբ «Անորան» հաղթեց 5 անվանակարգում (այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»), այս տարի ևս հայերի ներկայության պակաս չեղավ կինոյի ոլորտում կարևրագույն իրադարձությանը։ Ռեկորդային անվանակարգերից մինչև բաղձալի մրցանակ։ Ովքե՞ր «Օսկարին» հայկական շունչ տվեցին այս անգամ։ 

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը Sinners/«Մեղսավորները» ֆիմով տարվա սկզբից գրավում է հեղինակավոր մրցանակաբաշխությունները։ Իսկ «Օսկար 2026»-ում «Մեղսավորները» ռեկորդ գրանցեց՝ ստանալով 16 անվանակարգ և 4 մրցանակ։

Հայկական արմատներով ռումինացի սցենարիստ, ռեժիսոր Նատալի Մուստիատանի Two People Exchanging Saliva/«Երկու մարդ, ովքեր փոխանակվում են թքով» կարճամետրաժ ֆիլմը, որի ռեժիսորներն են Նատալի Մուստիատան և Ալեքսանդր Սինհը, հաղթող ճանաչվեց Best Live Action Short Film/Լավագույն կենդանի կարճամետրաժ ֆիլմ/ անվանակարգում։

Ռեժիսոր, սցենարիստ Մադլեն Շարաֆյանի ELIO ֆիլմը, որը համատեղ աշխատանք է Pixar-ի հետ, ներկայացված էր «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը չարժանացավ «Օսկարի», բայց հեղինակավոր մրցանակաբաշխությունը հայազգի ռեժիսորին վաղուց խորթ չէ;

Շարաֆյանն «Օսկարի» իր առաջին անվանակարգը ստացել էր 2021 թվականին՝ Pixar-ի BURROW-ի համար, որը ներկայացված էր որպես «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ»:

Ի դեպ, մրցանակաբաշխությանը ռեժիսորը ներկայացել էր հայազգի դիզայներ Վարդուհի Թորոսյանի զգեստով։

Մեկ այլ հայ դիզայներ հայտնվեց կարմիր գորգի վրա՝ շնորհիվ Հոլիվուդյան քասթինգ տնօրեն Ֆրանսին Մեյսլերի, ով աշխատել է «Մեղսավորները» ֆիլմի վրա: Արարողության համար նա ընտրել է հայ դիզայներ Լուիզ Բաբուրյանի զգեստը, որը հայտնի է իր քանդակագործական մոտեցմամբ՝ դրապերի և հեղուկ ուրվագծերի նկատմամբ: Կերպարը լրացվել է ոսկերիչներ Սոնյա Բոյաջյանի և Արման Սարկիսյանի զարդերով:

Երեկոյի նորաձևության մեկ այլ կարևորագույն պահերից մեկը ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Մեյլիս Վալյադն էր: Նա «Փոքրիկ Ամելի, կամ անձրևի կերպարը» ֆիլմի համահեղինակն է, որը կարմիր գորգին ներկայացավ հայ դիզայներ Վոն Վեմյանի երկար անանուխի գույնի կիսաշրջազգեստով։