Նախարարը խոստովանեց․ Եթե Իրանում հակամարտությունը երկարի, ՀՀ տնտեսությունը կտուժի

  • 14:27 18.03.2026

Եթե Իրանի դեմ հակամարտությունը չավարտվի, մեր տնտեսության վրա դա երկարաժամկետ վատ ազդեցություն կունենա։ Այդ մասին, այսօր՝ մարտի 18–ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա հույս հայտնեց, որ Իրանի շուրջ ռազմական զարգացումները կարճաժամկետ կլինեն, և միայն այդ դեպքում մեր տնտեսության մեջ վնասները կլինեն հնարավորինս քիչ։

«Վնասներ ակնհայտորեն հիմա էլ կան` որոշ ապրանքների գների բարձրացման տեսքով մենք տեսնում ենք, որ կան գնաճային ռիսկեր։ Նաև որոշ ապրանքների արտադրության համար Հայաստանը հումք է ստանում Իրանից, և այս դեպքում ևս գնաճային ռիսկեր հնարավոր է` առաջանան»,– նշեց նախարարը։

Պապոյանը հիշեցրեց, որ Իրանի հետ ունենք բավականին մեծ առևտրաշրջանառություն` ներմուծում–արտահանում և հասկանալի է, որ Իրանի դեմ հակամարտության ձգձգումը մեր տնտեսության վրա կարող է ունենալ երկարաժամկետ ոչ դրական ազդեցություն։

«Միաժամանակ, երբ հետևում ենք ընդհանուր քաղաքական գործիչների բարձր մակարդակով հայտարարություններին, կարծես թե հույս կա, որ, ի վերջո, մոտակա ժամանակներում կոնֆլիկտը կավարտվի և այդ դեպքում, կարծում եմ, որ բացասական մեծ սպասումներ չպետք է այլևս ունենանք»,– վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը։