Նախարար․ չենք հասցնում 2 ամսվա մեջ արցախցիներին քաղաքացիություն տրամադրել

  • 17:36 18.03.2026

«Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ արցախցիներից մեկը բարձրաձայնեց հարցը, որ արցախցիներին ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացի ժամկետները երկարում են։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հաստատեց, որ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը ձգձգվում է։

«Մինչեւ նախորդ տարեվերջ մենք այն հանձնառությունը, որն ունեցել ենք՝ մինչեւ երկու ամսվա ընթացքում հանգուցալուծելու քաղաքացիության դիմումները, դա պահպանել ենք։ Ուզում եմ նշել, որ եզակի են այն դեպքերը, երբ որոշակի ժամկետային փոփոխություններ ենք արձանագրել։ Բայց, այո, այս տարվա սկզբից մինչեւ այս պահը նկատում ենք, որ ավելի մեծ դիմումներ ենք ստացել։ Ունենք դեռեւս դեկտեմբերին ստացած դիմումներ, որոնք ընթացքի մեջ են եւ պիտի առաջիկայում կհանգուցալուծվեն։ Եվ դրան գումարվում են այն շուրջ 5000 դիմումները, որոնք 2026 թվականի հունվարի մեկից ենք ստացել։ Բայց ունենք հանձնառություն՝ հնարավորինս արագ շարունակելու այս պրոցեսը։ Այո, մինչեւ երկու ամսվա կտրվածքով դժվար կարողանանք ապահովել նույն պրոցեսն այս տարվա կտրվածքով, որովհետեւ ծավալներն էականորեն փոխվել են։ Եթե համադրենք նախորդ տարիներին մեր ունեցած քաղաքացիության դիմումների հետ, մենք տարվա կտրվածքով ընդամենը ՀՀ քաղաքացիության ստացման 7000 դիմում էին ստանում։ Բայց 2025 թվականի միայն երկրորդ կիսամյակում 15 հազարից դիմում ենք ստացել միայն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներից։ Տրամաբանական է, որ նախարարության ծանրաբեռնվածությունը մեծանում է»,- ասաց Արփինե Սարգսյանը։

Նա հավելեց, որ առավել թվով անձնակազմ են ներգրավել, որպեսզի կարողանան այդ դիմումներն արագ հանգուցալուծել։