Արցախցիների համար ավաններ սարքելու առաջարկները անընդունելի են․ Թորոսյան

  • 18:08 18.03.2026

«Մեր հայրենակիցներին հուզող ամենամեծ խնդիրը բնակարանային ծրագիրն է։ Ես առաջարկություն կհնչեցնեմ, առաջարկում եմ կառացապատման նախագիծ, որով կառավարության որոշմամբ հնարավոր կլինի համայնքապատկան հողերից տրամադրել, որպեսզի սերտիֆիկատները միացնելով՝ բարձրահարկ կամ ցածրահարկ շենքերի կառուցապատում իրականացվի։ Այստեղ մենք գնիջեցում կունենանք քմ հաշվով, նաեւ սրանով կլուծվեն փոքր կազմով ընտանիքների խնդիրները»,- «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ նման առաջարկ ներկայացրեց արցախցի հանրային գործիչ Լիաննա Պետրոսյանը՝ անդրադառնալով արցախցիներից ստացած դիմումներին։ Նա նշեց, որ այս առաջարկությունը գրավոր ուղարկել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այդ որոշումն ավելի շատ համայնքների դաշտում է, քան կառավարության։ Նրա խոսքով՝ կառավարությունն անելիք չունի, եթե հողը համայնքապատկան է։

«Դա բիզնես պորյեկտ է, եկեք անկեղծ լինենք, որի վերջնական իրացումը կարող է լինել նաեւ մեր սերտիֆիկատների միջոցով։ Այդ պրիզմայով պետք է նայենք, եթե այդպիսի բան ենք ուզում անել։ Կա նաեւ երկրորդ շերտը՝ մեր հայրենակիցների ինտեգրումը մեր հասարակության մեջ։ Մեր այս ծրագրի նպատակներից մեկը նաեւ այն, որ մեր հայրենակիցներն ապրեն այնտեղ, որտեղ ապրում են ՀՀ բոլոր քաղաքացիները՝ առանց որեւէ տարբերության։ Այդպիսի առաջարկներ հնչում են դաշտում, որ ավաններ սարքենք, շենքեր սարքենք Ղարաբաղից եկած մեր հայրենակիցների համար։ Դրանք պարզապես անընդունելի են իմ համար, դրանով մենք չենք լուծում այդ մարդկանց տնավորվելու հարցը։ Այդ մարդկանց նորից մեկուսացնելու տարրեր կան դրա մեջ»,- նշեց Թորոսյանը։