600-ից ավելի արցախցի ուսուցիչներ աշխատում են Հայաստանի դպրոցներում

  • 21:43 18.03.2026

Մեր դպրոցներում 20200 երեխաներ կրթվում են, և այդ կրթության իրավունքի ապահովումը սկսվել է բառացիորեն նույն րոպեին, երբ որ եղել է հնարավորությունը ֆիզիկապես, բայց միևնույն ժամանակ Կառավարությունը շատ արագ է արձագանքել նաև մասնագիտական կրթության իրավունքի շարունակականության և ապահովման հարցերին: Այդ մասին, այսօր՝ մարտի 18–իօն, «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս պահին էլ համակարգում ունենք ավելի քան 3200 ուսանող, որոնք սովորում են մեր քոլեջներում և բուհերում, և շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այդ աջակցությունը եղել է ոչ միայն 2023-ին, այլև մենք շարունակել ենք թե՛ 2024-ին, թե՛ 2025-ին մեր բուհեր և քոլեջներ ընդունված առաջին կուրսեցիներին տրամադրել կրթաթոշակ, որով նրանք կարողանում են իրենց կրթությունը շարունակել:

Մենք կարևոր ենք համարել առաջին տարվանից հետո սահմանել առաջադիմության շեմ: Մեզ համար կարևոր է, թե ինչպես են սովորում մեր ուսանողները, մենք չենք կարող դուռը բացել-փակելը համարել կրթության գործընթաց, և կարևոր է, որ խրախուսենք առաջադիմությունը, որպեսզի հաջորդական շղթայով տեսնենք արդյունքը անձի բարեկեցության կառուցման ճանապարհին»,- նշեց Անդրեասյանը:

Այս պահին 600-ից ավելի ուսուցիչներ աշխատում են մեր դպրոցներում, և մենք նաև լրացուցիչ հավելավճարի հնարավորություն ստեղծեցինք. 30 տոկոս հավելավճար էր գումարվում վարձատրությանը, իսկ մի քանի համայնքների պարագայում՝ նաև ֆիքսված 50 հազար դրամ ամսական: