Ռուբեն Վարդանյանի կինը խնդրել է ԿԽՄԿ նախագահին պարզաբանել Բաքվում պահվող գերիների իրավական կարգավիճակը

  • 22:24 19.03.2026

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ-Էգերին է դիմել նամակով՝ խնդրելով պարզաբանել Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակը:

Նա շեշտել է, որ ապօրինի կալանավորվածների ընտանիքների համար չափազանց կարևոր է իմանալ, թե Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների պահին իրավական ինչ կարգավիճակ են ունեցել իրենց հարազատները։

«Պարզաբանման անհրաժեշտությունն առավել հրատապ է դառնում Ադրբեջանում ակնհայտորեն թերի դատական վարույթների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար երաշխիքներից զուրկ դատավարությունները և փաստական ու իրավական հիմքերից զուրկ մեղադրանքները», – նշել է Վերոնիկա Զոնաբենդը:

Նա խնդրել է պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ բանտարկյալներին՝ որպես ռազմագերինե՞ր, անվտանգության նկատառումներով կալանավորվածնե՞ր, ինտերնացվածնե՞ր, թե՞ ունեցել են որևէ այլ կարգավիճակ:

Ըստ Զոնաբենդի՝ այս հարցի պարզաբանումը ընտանիքներին դա կտա խիստ անհրաժեշտ վստահեցում և պատկերացում այն մասին, թե ինչպես են կալանավորվածները դիտարկվում միջազգային մարդասիրական իրավունքի և ԿԽՄԿ մարդասիրական այցելությունների չափորոշիչների շրջանակում։

Բաքվում պահվող հայ գերիների հարազատներն մտահոգված են նրանց առողջական վիճակով: Հայ գերիներին անկախ հասանելիություն վերջին անգամ ունեցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, սակայն ԿԽՄԿ-ն նախորդ սեպտեմբերի 3-ին դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում: