
Երկուշաբթի օրը Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթը) օրենք ընդունեց, որով մահապատիժը սահմանվում է որպես ահաբեկչական հարձակումների համար դատապարտված պաղեստինցիների համար ստանդարտ պատիժ։
Օրենքի համաձայն, Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափի պաղեստինցիները, որոնք կդատապարտվեն Իսրայելի ռազմական դատարանների կողմից «ահաբեկչական գործողություններ» համարվող հարձակումների համար, ենթակա են մահապատժի՝ կախաղան հանելով 90 օրվա ընթացքում՝ մինչև 180 օր հնարավոր հետաձգմամբ։
Տեսականորեն օրենքը կարող է կիրառվել նաև իսրայելցիների նկատմամբ, բայց գործնականում դա քիչ հավանական է, քանի որ մահապատիժը նախատեսված է միայն այն դեպքերում, երբ հարձակման նպատակը «Իսրայել պետության գոյությունը ժխտելն» էր։
Օրենքը ակտիվորեն առաջ է մղվել ծայրահեղ աջ ուժերի կողմից՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի հարձակումներից հետո, որը Իսրայելի պատմության ամենաարյունալի օրն էր։ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը և նրա «Օցմա Եհուդիտ» կուսակցությունը կարևոր դեր են խաղացել։
Մենք պատմություն ենք կերտել. այսուհետ Հրեաստանի և Սամարիայի յուրաքանչյուր մայր կիմանա, որ եթե իր երեխան դուրս գա մեկին սպանելու, նա դատապարտված է կախաղանի։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրը սա գրել է սոցիալական ցանցերում։
«Եվ ես ասում եմ Եվրոպական Միության այն երկրներին, որոնք ճնշում և սպառնում են Իսրայել պետությանը. մենք չենք վախենում, մենք չենք հանձնվում, մենք մեր երկրում ենք, մենք ունենք ինքնիշխանություն և մենք կպաշտպանենք մեր քաղաքացիներին», – ասել է նա։
Քվեարկության նախօրեին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան «խորը մտահոգություն» հայտնեցին, ասելով, որ օրենքը կարող է «խաթարել Իսրայելի հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին»։
Արևմտյան ափը կառավարող Պաղեստինյան ինքնավարությունը դատապարտեց օրենքը՝ ասելով, որ այն «նպատակ ունի օրինականացնել արտադատական մահապատիժները օրենքի քողի տակ»։
Գազայի հատվածը վերահսկող արմատական Համաս խմբավորումը հայտարարել է, որ օրենքի հաստատումը «սպառնում է» իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալների կյանքին, և կոչ է արել միջազգային հանրությանը «ապահովել նրանց պաշտպանությունը»։