Լեհաստանը գործարկել է VT Hayastan News հայալեզու լրատվական նախագիծ

  • 18:26 31.03.2026

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է լեհական հանրային հեռուստաընկերության (TVP) հենքի վրա հայալեզու VT Hayastan News լրատվական նախագծի մեկնարկի մասին։ Նախաձեռնության նպատակն է պայքարել ապատեղեկատվության դեմ և ամրապնդել տեղեկատվական դիմակայունությունը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքահայության շրջանում։

Նորաստեղծ լրատվամիջոցը կլուսաբանի քաղաքական, սոցիալական և տնտեսական անցուդարձը եվրոպական տեսանկյունից։ Այն նաև կնպաստի Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը՝ առանձնահատուկ շեշտադրելով հայ-լեհական փոխգործակցությունը։

Նախագծի առաջնահերթություններից է տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտությունների կանխումը, ինչպես նաև այն կեղծ թեզերի չեզոքացումը, որոնք թիրախավորում են Հայաստանին ու նրա միջազգային գործընկերներին։

VT Hayastan News-ը ստեղծվել է լեհական հանրային հեռուստատեսության (TVP) Միջազգային մեդիակենտրոնի կազմում և ֆինանսավորվում է Լեհաստանի ԱԳՆ-ի տրամադրած պետական միջոցներով։ Այս նախագիծը «Արևելյան գործընկերության» երկրներին ուղղված բազմալեզու լրատվական նախաձեռնությունների ընդլայնման ճանապարհի հաջորդ քայլն է։

Նախագծի ստեղծագործական թիմում ներգրավված են հայ լրագրողներ Ռազմիկ Մարտիրոսյանը, Հարություն Ոսկանյանը և Նունե Գևորգյանը։ Հաղորդումները հեռարձակվելու են աշխատանքային օրերին՝ Belsat հեռուստաալիքի եթերում, ինչպես նաև հասանելի են լինելու YouTube և Facebook հարթակներում։