
2026թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արցախցիների սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում երկու քննարկում տեղի ունեցավ։ Առաջինը կազմակերպել էր Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը, որի նախագահը ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանն էր, երկորդը՝ կառավարող կուսակցության ձևավորած խմբակցությունը։ Առաջին քննարկման ընթացքում ՔՊ պատգամավորներնն ու կառավարության անդամները լքեցին այն, իսկ երկրորդին չէին մասնակցում ընդդիմադիր պատգամավորները։ Հայաստանի քաղաքական կյանքի բևեռվածությունը թույլ չի տալիս կառավարությանն ու ընդդիմությանը անգամ հումանիտար հարցերը միասին քննարկել, այն էլ տասնյակ հազարավոր հայրենակիցների ճակատագրին վերաբերող հարցերը։
Այնինչ, պետական ծրագրերի իրագործումը առաջ է բերել խնդիրներ, որոնք լայն քննարկման կարիք ունեն։
2024թ․ մեկնարկած բնակապահովման ծրագիրը վերջերս լայն թափ է հավաքել, բնակարանների գնման վկայականը իրացրել են 5 հազար ընտանիք, և այս գործընթացը դեռևս որոշ ժամանակ ակտիվ կշարունակվի՝ հաշվի առնելով հատկացված, բայց դեռ չիրացված վկայականների և քաղաքացիության դիմածների թիվը։
Այնուամենայնիվ, չնայած ծրագրի ակտիվացմանը, որոշակի փուլից հետո կանգնելու ենք խնդիրների առջև։
Առաջինը՝ փոքր կազմ ունեցող ոչ վարկունակ ընտանիքների խնդիրն է, որոնք միայն վկայականով չեն կարողանալու տուն ձեռք բերել և չունեն բավարար եկամուտներ՝ լրացուցիչ վարկ վերցնելու համար։
Երկրորդը հասանելի բնակֆոնդի կրճատվող քանակն է, որը բերում է անշարժ գույքի գների թանկացման։ Նույնիսկ ապաարդյունաբերականացման պատճառով տուժած այնպիսի քաղաքներում, ինչպիսին Հրազդանն ու Չարենցավանն են, բնակարանների գները տպավորիչ աճ են ցույց տալիս։ Օրինակ, Չարենցավանի անշարժ գույքի գները վերջին տարվա ընթացքում աճել են գրեթե 34 տոկոսով։
Երկրաշարժի գոտու բնակավայրերում, գների աճից բացի, այլ խնդիր էլ են ի հայտ գալիս։ Օրինակ Վանաձորում առկա են մեծ քանակի վթարային շենքեր, որոնցում ապրում են մարդիկ, սակայն որոնցում բնակարան ձեռք բերել անհնար է, քանզի բանկերը նմանատիպ շենքներում գործարքներ չեն անում։ Իսկ բնակարանների գնման վկայականները իրացվում են բանկերի միջոցով։
Քաղաքացիության դիմումների աճը հնարավորություն չի տալիս Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն արագ մշակել դրանք, ինչի հետևանքով արցախցիները ստիպված են ամիսներով սպասել նոր անձնագիր ստանալուն։ Իսկ քաղաքացի լինելը նախապայման է բնակապահովման ծրագրին դիմելու համար։ Քանի որ եկամտային հարկի վերադարձի արտոնությունն արդեն վերացել է Երևանում և այս տարվա վերջին կվերանա նաև երևանամերձ մարզերում՝ Կոտայքում, Արմավիրում, Արարատում, Արագածոտնում, բազմաթիվ ընտանիքների համար կնվազի նաև առաջնային շուկայից հավելյալ վարկով բնակարան ձեռք բերելու հնարավորությունը։
Հետևաբար 2027թ․ նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս բնակապահովման ծրագրի համար, որը պահանջում է այլ լուծումներ։
Վանաձորում և հարակից բնակավայրերում հարցի լուծումը կարող է լինել պետական բնակարանաշինությունը, ռենովացիայի լայնածավալ ծրագիրը, որը կենթադրի վթարային շենքերի քանդում և փոխարենը նոր, հնարավոր է 1-2 ավելի հարկայնությամբ, բարձր սեյսմակայունությամբ շենքների կառուցում։ Սա թույլ կտա լուծել այդ շենքերում բնակվողների անվտանգության հարցը, ինչպես նաև կստեղծի նոր բնակֆոնդ քաղաքի ավելացող պահանջարկն (հատկապես արցախցի ընտանիքների հաշվին) ապահովելու համար։ Ռենովացիայի ծրագրի բնույթն այնպիսինն է, որ դրանում անպայման պետք է ներգրավի կամ պետությունը, կամ համայնքը, այսպիսի ծրագրերը մասնավորի համար սովորաբար հրապուրիչ չեն։
Բնակապահովման ծրագրի բաղադրիչ պետք է դառնա նաև արցախցիների համար եկամտային հարկի վերադարձի արտոնության երկարաձգումը 2-3 տարով։ Իրացված վկայականների վիճակագրությունը ցույց է տալիս, որ արցախցիները ամենաշատը բնակարան են ձեռք բերում Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Մայրաքաղաք Երևանը չորրորդ տեղում է։ Եկամտային հարկից օգտվելու հնարավորությունը շատերը կորցրել են պետական մարմինների կողմից քաղաքացիության գործընթացի ձգձգման պատճառով, հետևաբար նշված արտոնության երկարաձգումը ամբողջովին տրամաբանական է։
Պետք է նկատել, որ տնտեսության ու պետության շահերից է բխում, որ ձեռք բերվող տունը լինի նորակառույցից։ Բնակարանի գնման վկայականով և լրացուցիչ վարկային միջոցով առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելը պետությանը տալիս է հարկեր, շինարարության աճ, վերանորոգման ծառայությունների գնում և այլ արդյունքներ, այնինչ երկրորդային շուկայից բնակարան գնելը երկրի ՀՆԱ-ի վրա մեծ ազդեցություն չի գործում։
Երրորդ ուղղությունը պետք է լինի լայնածավալ սոցիալական բնակարանաշինությունը։ Թեև կառավարության հնգամյա ծրագրով նշված է մինչև 2031թ․ հազար սոցիալական բնակարանի ստեղծման մասին, սակայն այս թիվը բավականին փոքր է առկա պահանջների համեմատ։ Պետք է նկատել, որ դեռևս բնակարանի կարիք ունեցող արցախցի 20 հազար ընտանիքիների մի մասը չի կարողանալու առկա բնակապահովման ծրագրերով կացարանի տեր դառնալ, հետևաբար կարիք է ունենալու լրացուցիչ աջակցության։ Սոցիալական բնակարանի շահառու այլ խմբերի ներկայացուցիչների թիվը ևս զգալի մեծ է։ Ողջունելի է, որ կառավարության ծրագրում տեղ է գտել սոցիալական բնակարանաշինության մասին կետ, բայց այն բավականին փոքր է եղած պահանջից։
Արցախցիների բնակարանային և սոցիալ-տնտեսական խնդիրները չեն կարող լուծվել միայն գործող պետական ծրագրերի շրջանակում՝ առանց դրանց արդյունքների պարբերական գնահատման և նոր մարտահրավերներին համապատասխան վերանայման։
2027 թվականին բնակապահովման քաղաքականությունը պետք է հաշվի առնի ոչ միայն արդեն իսկ իրացված վկայականների թիվը, այլև այն ընտանիքների վիճակը, որոնք ֆինանսական կամ վարչական խոչընդոտների պատճառով չեն կարողանում օգտվել պետական աջակցությունից։ Եկամտային հարկի վերադարձի արտոնության երկարաձգումը, վթարային բնակֆոնդի փոխարինման ծրագրերը և սոցիալական բնակարանաշինության ծավալների ընդլայնումը կարող են դառնալ այդ խնդիրների լուծման կարևոր ուղղություններ։
Սակայն առաջարկությունների քննարկումից առաջ անհրաժեշտ է քաղաքական կամք՝ արցախցիների խնդիրները դիտարկելու որպես հանրային նշանակության հարցեր, որոնք չպետք է դառնան քաղաքական հակադրության հերթական առիթ։
Նույնիսկ խիստ բևեռացված քաղաքական համակարգում հնարավոր է և անհրաժեշտ է կառուցողական երկխոսություն այն հարցերի շուրջ, որոնք անմիջականորեն առնչվում են տասնյակ հազարավոր մարդկանց կյանքի պայմաններին, սոցիալական ապահովությանը և ապագային։ Խորհրդարանական քննարկումները չպետք է սահմանափակվեն քաղաքական դիրքորոշումների ցուցադրմամբ. դրանց նպատակը պետք է լինի խնդիրների բացահայտումը, հնարավոր լուծումների համադրումը և դրանց իրագործման համար անհրաժեշտ որոշումների նախապատրաստումը։
Հայկ Խանումյան