
Վաշինգտոնը չի մոռանա Փարիզի մերժումը՝ Իրանի դեմ գործողության համար բացել իր օդային տարածքը Իսրայելի համար, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
«Ֆրանսիան թույլ չի տվել Իսրայել ռազմական պարագաներ տեղափոխող ինքնաթիռներին թռչել Ֆրանսիայի տարածքի վրայով։ Ֆրանսիան որևէ օգնություն չի ցուցաբերել։ <…> Միացյալ Նահանգները կհիշեն սա»,- ընդգծել է նա։
Մարտի կեսերին Թրամփը, մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հորմուզի նեղուցի բացմանն ուղղված գործողությանը մասնակցելուց հրաժարվելը, հայտարարել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը շուտով կհեռանա պաշտոնից։
Իսրայելի լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն, բրիգադի գեներալ Ամիր Բարամը հրամայել է լիովին դադարեցնել Ֆրանսիայից զենքի գնումները։
Որոշումը կայացվել է նախարարության կողմից Իսրայելի դեմ թշնամական գործողություններ իրականացնող պետությունների հետ պայմանագրերը կրճատելու ավելի լայն ջանքերի շրջանակներում։
Փարիզը նախկինում արգելել էր Իսրայելի ներկայացուցիչներին մասնակցել իր տարածքում պաշտպանական ցուցահանդեսներին և համաժողովներին, ինչպես նաև աջակցել էր Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչերին։
Մի քանի օր առաջ Ֆրանսիան Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին շնորհել է երկրի բարձրագույն ռազմական պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանը։ Պաշտոնապես այն շնորհվել է հայ-ֆրանսիական պաշտպանական հարաբերությունների զարգացման համար, չնայած այս համագործակցության մանրամասների մասին շատ քիչ բան է հայտնի։ Բայց երևի շատ կարևոր մանրամասներ կան։