
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր Եռաբլուր զինվորական պանթենում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «արցախցիները փախել են»։ Փաշինյանը նշել էր, որ մասնավորապես, Արցախի էլիտային է վերաբերում իր ասածը։
«Ես բազմիցս առիթ եմ ունեցել նման զառանցանքներին պատասխանելու։ Ես առաջին հերթին կոչ կանեի մեր հասարակությանը, զոհված նվիրյալների հարզատներին, այն անձանց, ովքեր ներդրում ունեն Արցախյան գոյամարտի մեջ՝ չտրվել նման սադրանքների, որովհետեւ նման խոսույթները ունեն միայն մեկ նպատակ՝ պառակտել եւ մեր հասարակության մեջ սերմանել անհանդուրժողականություն, որը գլոբալ ծրագրի մի մասն է կազմում»,- ասաց Շահրամանյանը։
«Ինչ վերաբերում է նրան, որ ճողոպրեցին, փախան, եթե դա վերաբերում է 2020 թվականի պատերազմին, ուզում եմ նման խոսույթ տարածող անձանց հիշեցնել, որ իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում եւ հենց իրենց գործողությունների պատճառով է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում, եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը, oկուպացված են ՀՀ զգալի տարածքներ։ Եվ այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որոնք Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են։ Մնացած գնահատականը թողնում եմ հասարակությանը»,- հավելեց նա։
Շահրամանյանի խոսքով՝ Արցախի եւ Հայաստանի իշխանութուններն իրար հետ համագործկցել են ցանկացած պարագայում ու ցանկացած ժամանակահատվածում։ «ՀՀ-ն Արցախի երաշխավորն էր, այդ թվում՝ անվտանգության երաշխավորն էր առաջին հերթին, եւ բոլոր հարցերը քննարկում ու համաձայնեցնում էինք Հայաստանի իշխանությունների հետ»,- նշեց նա։
Հարցին, թե 2023 թվականի որոշումները քննարկե՞լ են Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե չեն համաձայնեցրել իր հետ, Շահրամանյանը պատասխանեց․ «Ես ասացի՝ բոլոր։ Մենք խոսել ենք, քննարկել ենք»։
Անդրադառնալով Փաշինյնաի այն հայտարարությանը, որ եթե Արցախի հարցը բարձրացնենք, պատերազմ կլինի, Սամվել Շահրամանյանն ասաց, որ Հայաստանի անվտանգությունն արցախցիների համար առաջնահերթություն է։ «Իհարկե, մենք այսօր հասկանում ենք Հայաստանի Հանրապետության իրավիճակը, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում եւ փորձում ենք այնպես անել, որ վնաս չհասցնենք Հայաստանի անվտանգությանը, այդ թվում՝ ինչ-որ ռազմական գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։ Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքները եւ փորձում ենք տարբեր հարթակներում մեր հետվերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը նաեւ միջազգային իրավունքի հարց է»։
Նշենք, որ այսօր լրանում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիքը։ Արցախի իշխանությունները եւ Հայաստանի ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։