Մենք աջակցում ենք այն ուժերին, որոնց համար Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Դանիելյան

  • 13:20 02.04.2026

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց Արցախի ժողովրդի նկատմամբ։ Այս մասին ապրիլի 2-ին «Եռաբլուրում»՝ Քառօրյա պատերազմի մեկնարկի 10-րդ տարելիցի օրը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանը։

«ՀՀ-ում կան ուժեր, որոնք պատրաստ են պաշտպանել Հայաստանի, այլ ոչ թե օտար ուժերի շահերը։ Մենք սատարում ենք այն ուժերին, որոնց համար Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված լինել։ Դա չի կարող լինել մեկ մարդու որոշում։ Դա համահայկական հարց է, այն սկսվել է Երևանի Ազատության հրապարակում»,- հայտարարել է Արցախի ԱԺ նախագահը՝ հավելելով, որ հարցը բարձրաձայնվելու է բոլոր ատյաններում։ Նա նկատել է, որ Փաշինյանը մշտապես տարբեր պատճառներ է բերում և մատնանշում տարբեր մեղավորների՝ նախկիններին, Ռուսաստանի Դաշնությանը, դասալիքներին։ Մենք բոլորս քաջ գիտենք, թե ով է հանձնել Արցախը և ով է պատասխանատվություն կրում տեղի ունեցողի համար, հավելել է Դանիելյանը։

Այն հարցին, թե որքանով է մեղավոր նախագահ Սամվել Շահրամանյանը, խոսնակը նկատել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո իրավիճակը սահմանին փոխվել է՝ դրա պարագիծը 200 կմ-ից դառնալով ավելի քան 500 կմ, անվտանգության համակարգը ձախողվեց, այնուհետև՝ 9 ամիս շրջափակում, և ՀՀ իշխանությունները ոչինչ չարեցին, որպեսզի արցախցիները դուրս գան այդ ծանր իրավիճակից։ Հետո տեղի ունեցավ լայնամասշտաբ հարձակում Արցախի վրա, որտեղ 120 հազար բնակչությունից 25-30 հազարը երեխաներ էին, իսկ 5 հազարը՝ տարեցներ։ «Ի՞նչ կարող էին նրանք անել։ Փաշինյանն արդարացնում է ադրբեջանցիների կողմից իրականացված ցեղասպանությունը։ 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունները ցեղասպանություն են հայ ժողովրդի նկատմամբ։ ՀՀ իշխանությունները թույլ տվեցին դա։ Միջազգային հանրությունը նույնպես մեծ բացթողումներ թույլ տվեց, բայց առաջին հերթին՝ ՀՀ իշխանությունները։ Եթե նրանք չեն խոսում ցեղասպանության մասին, ապա մենք ասում ենք, որ բոլորն էլ իրենց մեղքի բաժինն ունեն Արցախի հայաթափման և ցեղասպանության հարցում»,- եզրափակել է Դանիելյանը։