Հանրային քննարկում արցախցիների բնակարանային և քաղաքացիություն ստանալու վերաբերյալ

  • 12:50 03.04.2026

Արցախ Միություն / Artsakh Union с Փախստականների Հարցերով Էստոնական Խորհուրդ / ERC Armenia.

Մարտի 25-ին Երևանում կայացավ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային և քաղաքացիության հետ կապված խնդիրների վերաբերյալ հանրային քննարկում, որը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ «Արցախ միություն» ՀԿ-ի հյուրընկալությամբ։

Քննարկումը նախաձեռնվել էր «Փախստականների երևանյան խորհրդի» կողմից և անցկացվել Գյումրիում, Եղեգնաձորում, Դիլիջանում գործող համայնքային խորհուրդների անդամների, պետական մարմինների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և ոլորտի փորձագետների մասնակցությամբ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան երևանյան համայնքային խորհրդի համակարգող Գեղամ Ստեփանյանը, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի միջազգային տնօրեն Էէրո Յանսոնը և «Արցախ միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով տեղահանվածների խնդիրների շուրջ համագործակցության և համակարգված լուծումների անհրաժեշտությունը։

Էէրո Յանսոնն իր խոսքում ընդգծեց, որ կարևոր է, որպեսզի տեղահանվածների համայնքը ինքը բարձրաձայնի իր խնդիրներն ու ներկայացնի դրանց լուծման առաջարկները։ Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են լսել, աջակցել և ներգրավվել այդ գործընթացում՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով նաև միջազգային փորձը։ «Սա ձեր հարթակն է, ձեր տարածքը, ձեր ձայնը»,–նշեց նա՝ կարևորելով տեղահանվածների ակտիվ մասնակցությունը իրենց խնդիրների լուծման գործընթացում։

Տեղահանված անձանց բնակարանային ապահովման հնարավորությունների և առկա խնդիրների շուրջ ելույթներով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդական Գայանե Ղարագյոզյանը, Փախստականների երևանյան խորհրդի անդամ Զարինե Պետրոսյանը, «Հայկական Կարիտաս» ՀԿ ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանը և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։

Քննարկման երկրորդ հատվածում անդրադարձ կատարվեց քաղաքացիություն ձեռք բերելու և կորսված փաստաթղթերի վերականգնման գործընթացներին առնչվող հարցերի։ Ելույթներով հանդես են եկել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Արամ Մելքոնյանը, Փախստականների երևանյան խորհրդի անդամ, փաստաբան Անուշ Շահրամանյանը, «Առաքելություն Հայաստան» ՀԿ ներկայացուցիչ Նարինե Բաղդասարյանը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը։ Ելույթներին հաջորդել է հարցուպատասխան և բաց քննարկում։

Հագեցած օրակարգով հանրային քննարկման արդյունքում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ արձանագրված առաջարկությունները ամփոփվելու և ներկայացվելու են պատասխանատու լիազոր կառույցներին։

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից։ Ծրագիրը նպատակ ունի խթանել Լեռնային Ղարաբաղի փախստականների հզորացումը՝ նրանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով։