
«Ես հիշեցնեմ, որ այս վարչակազմը երեք տարի մերժել է հադրութցիներին ու շուշեցիներին փախստականի կարգավիճակ տալը՝ պնդելով, որ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Միշտ հիշենք դա եւ հատվածական մոտեցումից հեռու մնանք։ Սա նույն վարչակազմն է՝ 2020 թվականից մինչեւ 2023 թվականը մերժում էր՝ պնդելով եւ ապացուցելով, որ իրենց ձեռքի այդ անձնագրերը ոչ թե ճամփորդական փաստաթուղթ են, այլ քաղաքացիության մասին անձնագիր»- այսօր Արցախի հանրային խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով արցախցիների 070 կոդով անձնագրերին։
Նա ասաց, որ Հայաստանի Սահմանադրության 47-րդ հոդվածի 8-րդ կետն ասում է՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են»։ Այսինքն՝ որտեղ էլ լինի ՀՀ քաղաքացին, ՀՀ-ն պարտավոր է նրան պաշտպանել։ «Եվ քաղաքացուն պաշտպանելը կապ չունի տարածքի հետ՝ պատկանում է նա Ադրբեջանին, Զիմբաբվեին, թե Հայաստանին, ՀՀ քաղաքացիները, իսկ արցախցիներին իրենք համարում են քաղաքացի, պաշտպանված են»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ իրականում կառավարության որոշման մեջ չկա գրված, որ 070 կոդով անձնագրերը վավեր չեն։ Դա զուտ գործադիր իշխանության ինքնիրավչությունն է եւ հանցագործություն է, որովհետեւ Սահմանադրության համապատասխան կետն էլ ասում է՝ ՀՀ քաղաքացիությունից չի կարելի մարդուն զրկել։