
Վերջին տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել Արցախից բռնի տեղահանված 35 հազար անձ, որոնցից 12 հազարը անչափահասներ են։ Այս մասին Արցախի Հանրային խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա անդրադարձավ այն ահազանգերին, որ ՀՀ քաղաքացիություն ստացող արցախցիների նոր անձնագրերում որպես ծննդավայր նշում են «Ադրբեջան»։
Գեղամ Ստեփանյանն արցախցիներին կոչ արեց տեր լինել իրենց իրավունքներին եւ պահանջել, որպեսզի անձնագրերում նշվեն իրենց բնակավայրերի անունները։ Նրա խոսքով՝ օրենքը դա թույլ է տալիս։ Նա ասաց, որ եղել են բողոքողներ, որոշ դեպքերում անձնագրում արված նշումը փոխել են։
«Օրենքի շրջանակներում անձնագրում կարող են նշել պետություն, քաղաք, բնակավայր, որտեղ ծնվել եք։ Ուզում եմ որպես իրազեկում մեր քաղաքացիներին ասել՝ պահանջեք, որ ծննդականի մեջ նշված ցանկացած տեղանուն նշեն նաեւ անձնագրում։ Եթե, օրինակ, իմ պարագայում նշված է Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ, Ադրբեջանի խորհրդային հանրապետություն, իրենք կարող են նշել եւ խորհրդային Ադրբեջան, եւ ԼՂԻՄ, եւ Ստեփանակերտ։ Մենք պետք է պահանջենք, ասենք՝ չեմ ուզում անձնագրումս Ադրբեջան նշվի, ուզում եմ Ստեփանակերտ նշվի։ Իսկ իրենք պարտավոր են դա անել, որովհետեւ օրենքը թույլ է տալիս։ Անձի ծննդականում նշված ցանկացած տեղանուն կարող է տեղափոխվել անձնագրի մեջ»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։