Ռուսաստանը սպառնում է արտաքսել 2 միլիոն հայերի՞

  • 22:18 05.04.2026

Ռուսաստանը կարծում է, որ իրավունք ունի պարզել Հայաստանի ղեկավարության ծրագրերը հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում, «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։

Ինչպես նշել է Պեսկովը, Հայաստանը և Ռուսաստանը խորը պատմական արմատներ ունեն, ուստի Երևանի քաղաքական կողմնորոշումը հետաքրքրում է Մոսկվային։

«Հայաստանը մեզ շատ մոտ երկիր է, որի հետ մենք խորը պատմական արմատներ ունենք։ Մենք այստեղ ունենք հսկայական հայկական սփյուռք՝ ավելի քան 2 միլիոն մարդ, որոնք ապրում են մեր երկրում։ Հետևաբար, Հայաստանի ղեկավարության կողմից ընտրված կողմնորոշումները մեզ համար հետաքրքրության առարկա են», – նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նույնպես վերջերս հիշատակել է Ռուսաստանում ապրող 2 միլիոն հայերի մասին՝ հավելելով, որ եթե ճնշում գործադրվի Հայաստանում ռուսական բիզնեսի վրա, Մոսկվան կարող է նույնը անել Ռուսաստանում հայկական բիզնեսի հետ։

Ռուսաստանում ապրող հայերի մասին հիշատակումները հնչում են տարիներ շարունակ։ Կարելի է հիշել «Ծիրանի պատերազմը», որը տեղի է ունեցել Ռուսաստանում 10 տարի առաջ՝ Արցախում ապրիլյան պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ հայկական և ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին կանչեցին «համապատասխան մարմիններ» և խստորեն զգուշացրին չտեղափոխել «արցախյան պատերազմը» Ռուսաստան։

Վերջին 10 տարիների ընթացքում սա իսկապես հաջողվել է, բայց հիմա իրավիճակը կարող է այլ լինել։ Ռուսաստանում ապրող հայերը պետք է զգույշ լինեն։