Դատական կարգով վերականգնվեց 2020 թվականին Արցախից տեղահանված թոշակառու Ս.Ն.-ի՝ սոցիալական աջակցության ծրագրերի, այդ թվում՝ բնակարանային ապահովման շահառու ճանաչվելու իրավունքը։ Վստահորդս ոչ միայն ամբողջությամբ կստանա 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հասանելիք ամսական «40+10 հազար» դրամ աջակցության գումարները, այլև կօգտվի բնակարանային ապահովման աջակցության ծրագրից։
Ս.Ն.-ն Արցախից տեղահանվել էր 2020 թվականին զինվորների հետ։ Չնայած նա հանդիսանում էր աջակցության միջոցառման շահառու, սակայն վարչական մարմինը նրան շահառու չէր համարում եւ աջակցության գումարները չէր ստացել այն հիմքով, որ նրա տվյալները առկա չեն եղել «Օպերատիվ շտաբի» ցանկերում։
Իրավաբանական օգնության համար Ս.Ն.-ն դիմեց ՀՀ փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրին։
Որպես ծրագրի փաստաբան՝ ստանձնեցի նրա իրավունքների պաշտպանությունը և հայցադիմում ներկայացրեցի վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Ս.Ն.-ին ճանաչել աջակցության ծրագրի շահառու և տրամադրել չվճարված գումարները (սկսած 2023թ. հոկտեմբերից)՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1763-Լ որոշման։
Հիմնավորումն այն էր, որ «Օպերատիվ շտաբ» անվամբ մարմին այլեւս գոյություն չունի, և անհնար է այդ մարմնին որպես պատասխանող ներգրավել կամ պահանջել ընդգրկվել վերջինիս ցանկերում։ Փոխարենը ապացուցվեց, որ Ս.Ն.-ն իր ողջ կյանքն ապրել է Շուշիում, բռնի տեղահանվել է 2020 թվականին, այնուհետև մշտապես բնակվել է Հայաստանում։ Ուստի նա հանդիսանում է թե՛ սոցիալական աջակցության, թե՛ բնակարանային ապահովման ծրագրերի շահառու։
Առաջին ատյանի վարչական դատարանը ամբողջությամբ բավարարեց հայցը։ Արդյունքում դատարանը ՎՃՌԵՑ բավարարել Ս.Ն.-ի հայցը՝ պարտավորեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը Ս.Ն.-ին ճանաչել ՀՀ կառավարության թիվ 1763-Լ որոշմամբ հաստատված սոցիալական աջակցության միջոցառման շահառու և տրամադրել համապատասխան գումարները՝ սկսած 2023 թվականի հոկտեմբեր ամսից։