Լավ, հաշվենք, չես կարողացել անել, բայց ինչո՞ւ ես արցախցիներին մեղադրում

  • 12:59 14.04.2026

«Նիկոլ Փաշինյանի գռեհիկ պահվածքը արցախցի զոհված ազատամարտիկի աղջկա նկատմամբ մնացել է անպատիժ, եւ հիմա արդեն սովորական մարդիկ են այդպես վարվում, ովքեր տեսնում են, որ իրենց ղեկավարը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում զոհված ազատամարտիկի աղջկա նկատմամբ»,- Գլխավոր դատախազության շենքի մոտ լրագրողներին ասաց արցախցի փաստաբան Էրիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով արցախցիների նկատմամբ ատելության խոսքին։

Ըստ փաստաբանի՝ զարմանալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը փախած է անվանում արցախցուն, այն դեպքում, երբ հենց ինքն է հրաժարվել արցախցուն օգնության հասնել՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին հայտարարելով, որ սա իր պատերազմը չէ։

«Ի՞նչ է սա նշանակում իրավական առումով։ ՀՀ-ն եղել է, կա եւ հիմիկվա դրությամբ մնում է Արցախի ու արցախցու անվտանգության երաշխավորը։ Այս պարագայում այդ պարտականությունը դնել ռուս խաղաղապահների վրա, ճիշտ չէ, քանի որ եթե դու տեսնում էիր, որ քո բերած ռուսը չի գործում, դու պարտավոր էիր միջոցներ ձեռնարկել՝ օր առաջ կանգնեցնելու այդ արավիրքը։ Բայց դու չես արել դա, լավ, հաշվենք, դու չես կարողացել անել, խուսափել ես մեծ պատերազմից, բայց ինչո՞ւ ես այդքանից հետո փորձում արցախցիներին մեղադրել՝ նրանց անվանելով փախածներ։ Մենք գիտենք, որ անգամ փողոցային ռազբորկաների մեջ ով չի գալիս իր ընկերոջն օգնության, նրան են ասում՝ ինչո՞ւ չես եկել։ Ինքը հանդիսանալով անվտանգության երաշխավոր՝ մեզ ընդհանրապես օգնության չի հասել, մենք մնացել ենք մենակ»,- ասաց փաստաբանը։