Մեկնարկել է արցախցի նկարիչ Արսեն Գևորգյանի ցուցահանդես-վաճառքը

  • 22:54 17.04.2026

Այսօր Երևանում մեկնարկել է արցախցի երիտասարդ նկարիչ Արսեն Գևորգյանի նկարների ցուցահանդես-վաճառքը։ Արսենը Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է։ Նկարել սկսել է 2-րդ դասարանից հաճախում էր գյուղի արվեստի դպրոցում գործող նկարչական խմբակը։ Մասնակցում էր մի շարք մրցությների, փառատոնների։ 12-րդ դասարանում դպրոցում կազմակերպվել է նրա նկարների ցուցահանդեսը։

Արցախի տեղահանությունից հետո Արսենն իր նկարներից գոնե մեկը չի կարողացել իր հետ բերել

-Երբ դպրոցում կազմակերպվեց իմ նկարների ցուցահանդեսը և մեկ ամիս շարունակ այդ նկարները զարդարում էին մեր դպրոցի պատերը, ես մտածեցի, որ ինչո՞ւ հետագայում չզբաղվեմ իմ սիրած գործով։ Իմ առջև նպատակ դրեցի դառնալ նկարիչ և մեծ ցուցահանդեսներ կազմակերպել տարբեր տեղեր։

Նոր էի զորակոչվել ծառայության, երբ սկսվեց պատերազմը։ Այդ ժամանակ ես մարտական դիրքերում էի։ Այդպես էլ չգնացի տուն ու չկարողացա ինձ հետ բերել իմ նկարները։ Միայն երկու փոքրիկ նկար ունեմ, որը միշտ պահում եմ իմ ծոցագրպանում։ Դրանք նկարներ են մեր խրամատներից, որ արել էի վերջին օրերին։

Տեղահանությունից որոշ ժամանակ հետո կրկին սկսեցի նկարել։ Ինձ աջակցեցին ՎԻՎԱ բարեգործական հիմնադրամը, ՀՅԴ երիտասարդականը միությունը։ Մտածում եմ վաճառված նկարների գումարի մի մասը նվիրաբերել Վիվա Հիմնադրամին, որը շատ է օգնել ինձ։

Նկարներս անում եմ հիշողությամբ, տարբեր պատմություններից։ Համատեղում եմ իրար ու արդյունքում ստանում իմ ուզած նկարը։ Օրինակ մեր տունը նկարել եմ հիշողությամբ։ Այդ պահին ես մտքով սլացել էի տուն, հիշել նրա ամեն մի մասնիկը։

Արցախցի նկարչի նկարներում մեկտեղվել են 20-ամյա երիտասարդի հոգու ցավը, կարոտը, հիշողությունները, այն մեծ հույսն ու հավատը, որ ուժ են տալիս պատերազմից թոհուբոհով անցած տղային։

Արսեն Գևորգյանի ցուցահանդես-վաճառքը կշարունակվի երեք օր՝ Երևանի Զաքյան 8 հասցեում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ