Սա պարզապես եկեղեցու քանդում չէ։ Սա նույն քաղաքականության շարունակությունն է, որը մեկ դար առաջ հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը։ Այսօր այն դրսևորվում է նոր ձևերով՝ որպես մշակութային ցեղասպանություն և հայրենիքի ջնջման ծրագրված գործընթաց, որի նպատակն է Արցախում հայկական պատմական հիշողության, մշակույթի և հոգևոր ներկայության վերջնական վերացումը։ Քանդվում են ոչ միայն շենքեր, այլև ժողովրդի ինքնությունը, անցյալը և ապագայի իրավունքը։
Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին, կառուցված 2000–2007 թվականներին, հանդիսանում էր Ստեփանակերտի կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը։ Այն վերականգնում էր դարավոր եկեղեցական ներկայությունը այն տարածքում, որտեղ դեռևս XIX դարի վերջից գործող եկեղեցին խորհրդային տարիներին փակվել էր և վերափոխվել աշխարհիկ շինության։ Նորակառույց տաճարը դարձավ հավատքի վերածննդի, հիշողության պահպանման և հայկական ինքնության շարունակականության կենդանի խորհրդանիշ։
Այսօր դրա ոչնչացումը հերթական դրվագն է նույն ողբերգական շղթայի, որը մեկ դար առաջ սկսվեց ցեղասպանությամբ և այսօր շարունակվում է մեր աչքի առաջ՝ ուղղված ոչ միայն քարերի, այլև ժողովրդի հիշողության, արժանապատվության և իր հայրենիքում ապրելու և վերադառնալու իրավունքի դեմ»: