
Համբուրգում «Zeit» թերթի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարություն արեց, որը, ըստ Բաքվի լրատվամիջոցների, ռումբի պես պայթեց Անկարայի դիվանագիտական միջանցքներով։ Ֆոն դեր Լեյենը, ըստ էության, ՆԱՏՕ-ի դաշնակից և ԵՄ թեկնածու Թուրքիային հավասարեցրեց Արևմուտքի գլոբալ մրցակիցների հետ։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի եվրոպական մայրցամաքը չընկնի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ», – հայտարարեց ԵՄ առաջնորդը՝ Թուրքիային բնութագրելով որպես Բրյուսելի ազդեցությանը սպառնացող ուժ, մասնավորապես Բալկաններում։
Նման հռետորաբանությունը մեծ դժգոհություն առաջացրեց թուրքական քաղաքական շրջանակներում։
Թուրքիան անմիջապես հիշեցրեց Եվրոպային «միգրացիոն ճգնաժամի» և Ռուսաստանի կողմից սպառնալիքի մասին։ Ավելին, տեղական փորձագետները նշում են, որ համաշխարհային անորոշության և իրանական պատերազմի համատեքստում Թուրքիան և Բրյուսելը միմյանց կարիքն ունեն ավելի քան երբևէ։
Ֆոն դեր Լեյենի հայտարարությունը հնչեց ապրիլի 24-ի նախօրեին, երբ աշխարհի հայերը հիշատակում են 1915 թվականի ցեղասպանության հետևանքով Օսմանյան Թուրքիայից սպանված և տեղահանված միլիոնավոր հայերի հիշատակը։
ԵՄ հովանու ներքո, 2022 թվականի հոկտեմբերին, Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին հռչակագիր՝ խորհրդային սահմանների փոխադարձ ճանաչման մասին։ Սրանք Հայաստանի սահմաններն են ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ։ Այլ կերպ ասած, ԵՄ-ն ճանաչում է ցեղասպանությամբ և ռուս-թուրքական Կարսի պայմանագրով գծված սահմանները։
ԵՄ-ի կողմից այդ սահմանների ճանաչումը խրախուսեց Թուրքիային և Ադրբեջանին շրջափակել, ցեղասպանություն իրականացնել և հայաթափել Արցախը 2023 թվականին։
Այժմ Թուրքիայի նախագահը բացահայտորեն հայտարարում է, որ կարող է մտնել Իսրայել, «ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա»։ Թուրքիան նաև բազմիցս ակնարկել է, որ կարող է մտնել եվրոպական Բալկաններ, եթե ԵՄ-ն անզիջում մնա Թուրքիայի հետ։
Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղությունը» Հայոց ցեղասպանության հարցը մղել է երկրորդ պլան ԵՄ-ի և արևմտյան հանրության համար, եվրոպացի առաջնորդների կողմից Թուրքիայի էքսպանսիոնիզմի դեմ արված հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանության հարցը փակված չէ։ Եվ այս հարցը շարունակում է ծառայել որպես լծակ Թուրքիային զսպելու համար։
Մի քանի օրից Երևանում տեղի կունենա եվրոպական խոշոր գագաթնաժողով, և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես կլինի Հայաստանում։ Կայցելի՞ նա Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։