Պուտինը, որը 2015-ին Երևանում չարտասանեց «ցեղասպանություն» բառը, փոխել է իր դիրքորոշումը

  • 12:37 24.04.2026

Միջազգային հանրությունը պետք է միավորի ուժերը՝ կանխելու համար Հայոց ցեղասպանության նման բարբարոսության կրկնությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը, որը Ֆրանսիայի նախագահի և այլ պետությունների ղեկավարների հետ միասին մասնակցում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, իր ելույթում ոչմի անգամ չօգտագործեց «ցեղասպանություն» բառը։

Չնայած Ռուսաստանի Պետդումայի կողմից 1995 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Ռուսաստանի ղեկավարությունը միշտ խուսափել է «ցեղասպանություն» բառից՝ վերահաստատելով իր բարեկամությունը Թուրքիայի հետ։

Այսօր Պուտինը արտաբերեց “ցեղասպանություն” բառը։

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Անպաշտպան, անմեղ մարդկանց դաժան կոտորածը, որոնք սպանվեցին, վիրավորվեցին և վտարվեցին իրենց հայրենի քաղաքներից ու գյուղերից, ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, և դրա աղետալի հետևանքները հստակ ցույց տվեցին կրոնական ատելության, ազգայնականության և քսենոֆոբիայի հրահրման հետևանքները», – ասվում է Պուտինի՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակիցներին ուղերձում, որը տեղադրվել է Կրեմլի կայքում։

Պուտինը նշել է, որ այդ տարիների հալածանքներն ու ճնշումները չբուժված վերք են թողել հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն նրանց կրած ողբերգությունը միավորել է մարդկանց, ովքեր ցուցաբերել են անսասան նվիրվածություն ավանդույթներին, իմաստությանը և քաջությանը։

Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ անփոփոխ է եղել, և դեռևս 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որով դատապարտվել է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն, իսկ ավելի ուշ՝ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետդումայի հայտարարության մեջ, ասվում է ուղերձում։

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի որդիներն ու դուստրերը կշարունակեն գնահատել իրենց ազգային ինքնությունը, հազարամյակների մշակույթը, լեզուն, ազատությունը և հոգևոր արժեքները։

«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք», – ասվում է Ռուսաստանի ղեկավարի ուղերձում։