
Ապրիլի 23-ին Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցին։
Ողջույնի և բացման խոսքով հանդես եկան Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, բ.գ.թ., դոցենտ Մհեր Քումունցը:
Գիտական զեկույցներով հանդես եկողների շարքում էր նաև Արցախից բռնատեղահանված, «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Ժորա Հայրապետյանը։ Նրա գիտական զեկույցը «Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները. Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) մշակութային արժեքների ոչնչացումը Ադրբեջանի կողմից» թեմայով էր (գիտական ղեկավար՝ պ․գ․թ․, իրավ․ դոցենտ Մ․ Թելունց):
Արցախցի ուսանողն իր զեկույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանությանը
-2023 թվականի սեպտեմբերին արցախահայությունը բռնի տեղահանվեց իր հայրենիքից՝ Արցախից, այնտեղ թողնելով նաև հարուստ հայկական ժառանգություն։ Ադրբեջանական վանդալիզմի զոհ են դառնում Արցախի պատմամշակութային արժեքները։
Չնայած դիվանագիտական ջանքերին և միջազգային արձագանքներին, Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու իր արշավը՝ լուրջ մարտահրավերներ ներկայացնելով Արցախում մշակությաին արժեքների պահպանության ջանքերին։ Այս արձագանքներն ընդգծում են մշակութային արժեքների պահպանմանն ուղղված համաձայնեցված համընդհանուր ջանքերի հրատապ անհրաժեշտությունը։ Արցախում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացման սպառնալիքի տակ է, և ողջ մարդկությունը պետք է պաշտպանի արդարության, մարդու իրավունքների և մշակութային բազմազանության սկզբունքները՝ մարդկության պատմության և մշակույթի հարուստ արժեքները գալիք սերունդներին փոխանցելու համար։
Մշակութային արժեքների ոչնչացումը և ավերումը խոր զգացմունքային հետևանքներ է թողնում տուժած համայնքի համար՝ համարվելով արցախահայերի և ողջ հայության մշակույթի իրավունքի իրացման կոպիտ խախտում․․․
Գիտաժողովի ավարտին մասնակիցները ստացան Ջիվան Արիստակեսյանի «Հանդիմանություն» գիրքը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ