
Այս մեկ ամսվա ընթացքում «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամին նվիրաբերվել է 4 միլիոն դրամ, որից 3 միլիոնը փոխանցել է Իվան Ավանեսյանը, իսկ 1 միլիոն փոխանցած անձը չի ցանկացել, որ իր անունը հանրայնացվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Գումարը տրամադրվել է 50 ընտանիքի, որոնց մեջ կան զոհվածների ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև օնկոլոգիական հիվանդությամբ բուժվող որոշ մարդկանց»,- ասել է նա։
Արցախի պետնախարարը պատմեց, որ վերջապես կապ է հաստատվել «Արցախբանկ»-ի ներկայացուցիչների հետ։
«Նրանց կողմից կար հանդիպելու և բոլոր առկա խնդիրները քննարկելու պատրաստակամություն։ Հանդիպել ենք և եկել այն մտքին, որ ստեղծվի հանձնախումբ, քննարկվի բոլոր խնդիրները և փորձենք լուծումներ գտնել։ Իրենց կողմից հանձնախումբը պիտի գլխավորեր Արտակ Բալայանը, մեր կողմից՝ ես։
Հանդիպումը տեղի է ունեցել։ Օրակարգում հիմնական հարցը եղել է Արցախի ներդրումային հիմնադրամի հետ կապված, ինչը ՀՀ կառավարության կողմից թույլ չի տրվել գրանցել։
Նաև քննարկել ենք այն ավանդները, որ դրված են «Արցախբանկ»-ում։ Խոսքը 18 տարեկանը չլրացած երեխաների ավանդների մասին է։ Արցախի կառավարության որոշմամբ գումարները պետք է փոխանցվեր այդ ընտանիքներին, քանի որ հայտնվել ենք այսպիսի ֆորսմաժորային իրավիճակում։ Ասեմ, որ մինչ օրս «Արցախբանկ»-ն այդ գումարները չի փոխանցել»,- ասաց Ն. Իսկանդարյանը։
Հանդիպմանը քննարկվել է նաև արցախցիների բնակապահովման հարցը։
«Խոսք է գնացել, թե ինչո՞ւ «Արցախբանկ»-ը չի միացել այդ ծրագրին։ Շատ ուղիղ իրենց ասել եմ, քանի որ գիտեի, որ մեր հայրենակիցները փորձելու են բնակապահովման ծրագրով բնակարաններ ձեռք բերել՝ առաջնային դիմելով «Արցախբանկ»-ին, ապա նրանք «չկա մարդ, չկա խնդիր» կարգախոսով են առաջնորդվել։ Դա եղել է պատճառը, որ նրանք չեն միացել։ Կարող եմ նաև փաստեր հրապարակել։ Խոսել եմ սոցապ նախարարության հետ, Կենտրոնական բանկից որևէ նախապայման չի եղել։ Այսինքն՝ հեշտ ու հանգիստ «Արցախբանկ»-ը կարող էր միանալ այս ծրագրին, ինչը կարող էր որոշակի թեթևացնել մեր հայրենակիցների բնակապահովման խնդիրը»,- ասաց պետնախարարը։
Ն. Իսկանդարյանը պատմեց, որ հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել Շուշիի տեխնոլոգիական քոլեջի 16 ուսանողների ուսման վարձի հարցին։
«Նրանցից 11-ը զոհվածների երեխաներ են։ Պատասխանը եղել է այն, որ այս փուլում չեն կարող փոխանցել։ Պետք է սպասենք՝ հունիսի 7-ից հետո։ Բայց խնդիրն այն է, որ մինչև մայիսի 10-ն այդ գումարները պետք է վճարվեն»,- ասաց նա։