Նյու Յորքի քաղաքապետն ասաց այն, ինչ պետք է հայտարարեր Հայաստանի կառավարությունը

  • 10:42 25.04.2026

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում, մենք պետք է թույլ չտանք պատմության կրկնությունը։ Այս մասին ապրիլի 24-ին  հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։

«2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100 հազար հայերի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ։

Հիշատակի այս օրը մենք վերահաստատում ենք հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների՝ ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը»,- նշել է նա։

Սա այն է, ինչ պետք է հայտարարեր Հայաստանի կառավարությունը, որը գերադասում է կապ չտեսնել 1915 թ․ Հայոց ցեղասպանության և 2023-ին Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների միջև։ Ավելին, կառավարությունը, համարելով ցեղասպանության մեջ մեղադրանքները վտանգավոր, պատրաստվում է նոր Սահմանադրություն ընդունել, որով կճանաչի և կօրինականացնի ցեղասպանությունների հետևանքները։