
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկվեց Հայաստանի վերաբերյալ բանաձևը, որով վերահաստատվեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության կառուցմանը և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ինֆորմացիայից կարելի է ենթադրել, որ բանաձևը վերաբերում է միայն ժողովրդավարության և ընտրությունների աջակցությանը։
Բանաձևում նշում է նաև Արցախցի ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին, սակայն դրա մասին հաղորդել են ոչ թե Հայաստանի պետական մարմինները, այլ սփյուռքի կազմակերպությունները։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Այն ընդգծում է, որ ցանկացած կայուն խաղաղություն պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա։
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հաստատուն աջակցությունը արցախահայության իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության և սեփականության պաշտպանության հարցերը։ Խորհրդարանը հստակ կոչ է անում ապահովել նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պահանջում է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և կոչ է անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։
Հայաստանի կառավարական մարմինները ոչինչ չասացին բանաձևի մասին. ըստ էության, նրանք դժգոհություն հայտնեցին դրա տեքստից, ինչպես նաև Ադրբեջանը, որը քննարկում է Եվրախորհրդարանի հետ կապերը ընդմիշտ խզելու հարցը: Մի քանի օր առաջ, Բելգիայի և Նիդեռլանդների խորհրդարանների նմանատիպ բանաձևերից հետո, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչեց այդ երկրների դեսպաններին և բողոքի նոտա հղեց։
Եվրախորհրդարանը և երկրի խորհրդարանները, որոնց որոշումները պարտադիր չեն եվրոպական երկրների գործադիր իշխանությունների համար, այնուամենայնիվ որոշում են եվրոպական հանրության մոտեցումը: Հակառակ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշման, Եվրախորհրդարանը և եվրոպական երկրների խորհրդարանները պնդում են, որ Արցախի հարցը չի լուծվել, և որ բազմաթիվ խնդիրներ մնում են: Սա պնդում է նաև Կանադայի ղեկավարությունը, որի վարչապետը, ի դեպ, այս օրերին այցելելու է Հայաստան։
Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները միաձայն արդարացնում են Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացումը և խոսում ժողովրդի վերադարձի անհնարինության մասին:
Մարդիկ հասկանում են խաղաղության ցանկությունը և աջակցում են դրան, բայց արժանապատվության հաշվին եկող, ոչնչացումը արդարացնող և իրավունքները ճնշող խաղաղությունը խաղաղություն չէ, այլ կամավոր վաճառք ստրկության: