ԱՄՆ ընդդեմ Եվրոպայի. Թրամփը չհնազանդվեց թագավորին

  • 08:40 02.05.2026

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է Գերմանիայից դուրս բերել մոտ 5000 զինվոր մեկ տարվա ընթացքում: Այժմ Գերմանիայում կա ավելի քան 35,000 ամերիկացի զինվոր՝ ավելին, քան ԵՄ այլ երկրներում։

ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերին եվրոպական բազաներում մշտապես տեղակայված էր մոտ 68,000 ամերիկացի զինվոր, որոնցից կեսից ավելին՝ մոտ 36,400-ը՝ Գերմանիայում: Համեմատության համար, 1985 թվականին՝ Բեռլինի պատի անկումից և Սառը պատերազմի ավարտից առաջ, Գերմանիայում տեղակայված էր 250,000 ամերիկացի զինվոր։

Սպիտակ տան կողմից Գերմանիայից զորքերը դուրս բերելու մտադրության մասին հայտարարությունը հնչեց Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից ամերիկյան կողմին քննադատելուց կարճ ժամանակ անց՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմում ռազմավարություն չունենալու համար, իսկ Թրամփը պատասխանեց՝ մեղադրելով կանցլերին Իրանի միջուկային ծրագրին աջակցելու մեջ։

Երեկ Դոնալդ Թրամփը հայտարարեց նաև Եվրամիությունից Միացյալ Նահանգներ ներմուծվող մեքենաների և բեռնատարների մաքսատուրքերի մինչև 25 տոկոս բարձրացման մասին։

Թրամփի խոսքերը հնչեցին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի՝ Միացյալ Նահանգներից հեռանալուց անմիջապես հետո, ով ԱՄՆ Կոնգրեսում ունեցած իր պատմական ելույթում կոչ արեց պահպանել Արևմտյան միասնությունը, որը կառուցված է Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև դաշինքի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում ընդհանուր ռազմական անվտանգության վրա։