
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության դիմումը Եվրոպական հանձնաժողովին
Ամեն տարի ապրիլի քսանչորսին առաջադեմ մարդկությունը հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այսօր հայերը, որոնք բռնությամբ արտաքսվել են Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին զրկված են ոչ միայն իրենց՝ միջազգայնորեն ընդունված իրավունքներից, այլև միջազգային հանրության կարեկցանքից։ Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտումների միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ներկայացվում է միջազգային հանրությանը իբրև քաղաքական ձեռքբերում, իսկ այդ հանցագործությունը իրականացնողները արժանանում են խաղաղության մրցանակների։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն թաքցնում, որ Լեռնային Ղարաբաղից հայերի արտաքսումը իրենց հանցավոր համաձայնության արդյունքն է։ Ափսոսանք է առաջացնում այն, որ այդ հանցավոր որոշումը աջակցություն է ստացել ԱՄՆ-ի և ԵԱՀԿ պետությունների կողմից, որոնք քվեարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օգտին։ ԵԱՀԿ պետությունների տարածքում էթնիկ զտումների հաղթարշավը մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ հարգանքի վրա հիմնված միջազգային կարգի հանդեպ լուրջ մարտահրավեր է։ Քաղաքական այն սխեման երբ նախ մերժվում է ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա բռնությամբ ժողովրդին քշում են իր հայրենիքից, անհամատեղելի է վեճերի կարգավորման և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներին։
Ստեղծված իրադրության մեջ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանի դատական որոշումը արդարությունը վերականգնելու և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման ենթարկվածների իրավունքները պաշտպանելու միակ հնարավորությունն է։ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությունից և նրանց հետ խոսում է Ադրբեջանի լիդերների լեզվով։
Այդ պատճատով մենք դիմում ենք ձեղ խնդրանքով՝ հիշել այն արժեքները, որոնք դրված են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների դեկլարացիայի հիմքում և դրսևորել ամուր քաղաքական կամք մարդու իրավունքների այդ կոպիտ խախտումները զսպելու ուղղությամբ։ Մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու հարցում հանցավոր համաձայնության եկած բոլոր մասնակիցները խիստ կախման մեջ են Եվրոմիությունից։ Մենք համոզված ենք Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը Եվրոմիության ձեռքում է և Ձեր կոլեկտիվ որոշումից է կախված այն, թե Լեռնային Ղարաբաղի հայերը կմնան վտարանդի, թե կվերդառնան իրենց հայրենիքը մարդու իրավունքների, արժանապատվության, ազատությունների և անվտանգության երաշխիքների պաշտպանության պայմաններում։