
Ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիշեցրել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանին Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ եթե առաջիկա ընտրություններում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին կսկսվի աղետալի պատերազմ, և հարցրել է. «Արդյո՞ք այս հայտարարությունն ԱՀԾ-ի որոշակի տվյալների հիման վրա էր արված, թե՞ տեղյակ չեն եղել այդ հայտարարությունից, եթե ոչ՝ արդյո՞ք փորձել են հասկանալ, թե ինչ հիմքով է նման հայտարարություն արվել, փորձե՞լ են օպերատիվ-հետախուզական որոշակի տվյալներ ստանալ նման հայտարարությունը ճշտելու կամ փաստն արձանագրելու համար, ո՞րն է այն երկիրը, որ պետք է պատերազմ սկսի մեր դեմ»։
Ի պատասխան՝ Գրիգորյանն ասել է։ «Եթե նախընտրական փուլում քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Վարչապետի ասածն այս տրամաբանությունն ունի»,- ասել է գերատեսչության ղեկավարը։
Թե որ քաղաքական ուժն է հարցականի տակ դրել խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, Գրիգորյանը չնշեց։