
Շուտով կլրանա մեկ տարին ինչ պաշտոնավարում եմ Արցախի պետնախարարի պաշտոնում, «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«2025թ. մարտի 29-ի հանրահավաքից հետո՝ մեկ ամիս շարունակ խորհրդի կազմով բանակցում էինք Հայաստանի կառավարության հետ։ Որոշակի փոփոխություններ այնուամենայնիվ կարողացել ենք մտցնել, բայց ասել, որ ամբողջությամբ մեր հայրենակիցների սպասելիքները արդարացրել ենք, ճիշտ չի լինի։ Այնուհետև ինձ եղավ առաջարկ նշանակվել Արցախի պետական նախարարի պաշտոնում։ Անկեղծ ասած ունեի մտահոգություններ, քանի որ երբևիցե պետական համակարգում աշխատելու փորձ չունեի։ Իմ կողմից առաջարկ է եղել խորհրդի կազմից ներկայացնել մեկ այլ թեկնածուի թեկնածությունը։ Խոսքը Ապրես Մարգարյանի մասին է։ Նաև առաջ եմ քաշել ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը։ Մի քանի օր հետո հանդիպել ենք այստեղ, պնդում է եղել, որ ճիշտ կլինի ինքս ընդունեմ այդ առաջարկը»,- պատմեց պետնախարարը։
«Քանի որ պետական բյուջեն սառեցված էր, իմ կողմից որպես այլընտրանք առաջարկվել է ստեղծել բարեգործական հիմնադրամ, կոչ անել մեր հայրենակիցներին, ինչպես նաև Արցախցի գործարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք տարիների ընթացքում որոշակի հնարավորություն են կուտակել։ Ընդհանուր առմամբ հիմնադրամին նվիրաբերվել է 35 միլիոն դրամ, որը մեր կողմից որպես աջակցություն տրամադրվել է մոտ 450 ընտանիքների»,- ասաց նա։
«Ինքս հակված չեմ շարունակել Արցախի պետական նախարարի պաշտոնում իմ գործունեությունը։ Քանի որ այս փուլում ճիշտ չի լինի իմ հրաժարականի դիմումը ներկայացնել, կսպասենք մինչև հունիսի 7-ը, և եթե ամեն ինչ լավ լինի՝ այնուհետև»,- ասաց նա։